Տարաձայնություն՝ Բևեռի կազմում․ Արկադի Վարդանյանը և Տիգրան Խզմալյանը դուրս են եկել ԱԺԲ-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

նկար

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում են, որ դուրս են գալիս Ազգային ժողովրդավարական բևեռից:

«Հարգելի՛ հայրենակիցներ, այս հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ մենք՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի հիմնադիր անդամներ Արկադի Վարդանյանը և իմ գործընկեր, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, դուրս ենք գալիս ԱԺԲ խորհրդի կազմից եւ շարունակելու ենք մեր պայքարը Հայաստանի Եվրոպական կուսակցության ձևաչափով։ Ինչու՞ մենք ընդունեցինք այս դժվար որոշումը։ Ես եւ պարոն Խզմալյանը Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի հետ միասին 2 տարի առաջ ստեղծեցինք Ազգային-ժողովրդավարական Բևեռը որպես քաղաքական գործիք՝ օրինական ու ժողովրդավարական միջոցներով ռուսական գաղութային իշխանությանը դիմադրելու համար։ Այն ժամանակ շատերին անիրական ու վտանգավոր թվացող այս գաղափարն այսօր դարձավ ազգային-ազատագրական պայքարի դրոշը եւ գլխավոր կարգախոս։ Մեր համատեղ աշխատանքի բեկումնային պահն էր 2021 թ. մարտի 16-ի պատմական երթը, երբ հայ ազգի հազարավոր զավակներ ջահերով մոտեցան Ռուսաստանի դեսպանատանը եւ պատռեցին ռուս-թուրքական 100-ամյա պայմանագրի պատճենը։

Հենց մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ հայ ժողովրդի պայքարը հանուն ապագաղութացման ստեղծեց Արևմուտքի հետ երկխոսության հնարավորությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը ապրիլի 2-ին նամակով պատասխանեց պարոն Խզմալյանի հորդորին՝ օգնել հայ ժողովրդի պայքարին հանուն ինքնիշխանության և ժողովրդավարության։ Նաև մեր աշխատանքի եւ ազգային զարթոնքի արձագանքն էր ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Մենք դարձանք Հայաստանում այն միակ ուժը, որի հետ գործընկերական կապեր են հաստատում հայ ժողովրդի իրական դաշնակիցները Եվրոպայում եւ Ամերիկայում։ Սակայն ռուսական հատուկ ծառայությունները բնականաբար դիմադրում են այսպիսի զարգացումներին, և մեզ չեզոքացնելու նրանց ջանքերն այժմ կենտրոնացել են արտահերթ ընտրությունների վրա։ Ռուսաստանի գաղութարար իշխանությունը եւ դրա տեղացի խամաճիկները՝ Քոչարյանն ու Փաշինյանը, փորձում են լռեցնել, մեկուսացնել, վարկաբեկել մեր պայքարը և մեզ։ Այս պայմաններում Ազգային-ժողովրդավարական Բևեռում առաջացան մարտավարական տարաձայնություններ։ «Արժե՞ արդյոք ընդհանրապես մասնակցել ընտրություններին», -ասում են ոմանք։ «Միգուցե պետք է փորձել համաժողովրդական անհնազանդության ալիք բարձրացնել և կազմել ժամանակավոր կառավարությո՞ւն»,- ասում են ուրիշները։ Խնդիրը բարդանում է նրանով, որ ՀՀ հակաժողովրդավարական օրենսդրությունը զրկում է ԱԺԲ առաջնորդների զգալի մասին ընտրվելու հնարավորությունից։

Այսպես, Ժիրայր Սեֆիլյանի համար խոչընդոտ է հանդիսանում նրան ընդամենը 3 տարի առաջ տրված քաղաքացիությունը, Արա Պապյանի համար՝ նրա երկքաղաքացիությունը, Վարուժան Ավետիսյանի համար՝ նրա հանդեպ 9 ու կես տարվա ազատազրկման սպառնալիքը։ Ստեղծված իրավիճակում, երբ շատ բարձր է ռեժիմի կողմից Բևեռը որակազրկելու և ընտրարշավից հանելու վտանգը, երբ Բևեռի կազմում տարաձայնություններ կան մարտավարության հարցով, մենք՝ Եվրոպական կուսակցության ներկայացուցիչներս, ովքեր վերջին շրջանում ձևավորում էին Ազգային-ժողովրդավարական Բևեռի ռազմավարությունն ու օրակարգը, որոշում ենք ընդունել «մատյան գնդի» դերը ստանձնելու եւ անհրաժեշտության դեպքում փոխարինելու մեր գործընկերներին քաղաքական Ավարայրի այս ճակատամարտում։

Մենք գնալու ենք ընտրությունների, որպեսզի հայ ժողովուրդը և մեր իրական դաշնակիցներն Արևմուտքում ունենան Հայաստանում ժողովրդավարական միջոցներով ապագաղութացումն իրականացնող քաղաքական հենարան։

Հայաստանի Եվրոպական կուսակգության վարչությսն անդամներ՝

Արկադի Վարդանյան, Տիգրան Խզմալյան»,-նշվում է հայտարարությունում։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս