Լուսակերտի և այլ զորամասերում ընդամենը մարտական պատրաստության ստուգումներ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

նկար

3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թվականի տարվա պլանի, իրականացնում է զորավարժություն: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ հորդորելով զերծ մնալ սոցցանցերի բաց աղբյուրներով հակառակորդին տեղեկություն տալուց:

Ըստ գնդապետի՝ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում Լուսակերտի և այլ զորամասերում։

Ավելի վաղ մարզերի բնակիչներից ահազանգեր են եղել, թե զորահավաք է իրականացվում։ Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի բնակիչները տեղեկացրել են, որ հավաքի են կանչում պահեստազորայիններին։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ այս պահին որևէ նպատակով զորահավաք չի իրականացվում։ Քաղաքացիների մոտ անհանգստության պատճառ միայն կարող է լինել այն, որ զինկոմիսարիատներից իրենց հետ կարող են կապ հաստատել և տվյալներ թարմացնել, ինչպես եղել է նախկինում։

Նշենք նաև, որ ժամեր առաջ լուրեր էին տարածվել նաև, թե Սյունիքի մարզում ադրբեջանցի զինվորները մոտ 3 կմ առաջ էին եկել՝ մտնելով Հայաստանի սահմանը։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

--00—ԼՄ