ԱԺ-ի մոտ էշ բերած իջևանցին ՀՅԴ-ական է, իր արածով իրեն և մյուս կազմակերպիչներն է բնութագրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն ասում է, որ Իշխանասարի մասին տարաբնույթ լուրերը հիմնավորված չեն, և անհանգստանալու կարիք չկա: 24News-ի հետ զրույցում նշեց, որ եթե սյունեցու համար սահմանի լարվածությունն ու ադրբեջանցու հետ հարևանությամբ ապրելն անսովոր է, տավուշեցին 30 տարի այդպես է ապրում: 

Նա այն համոզմանն է, որ պատերազմն ու պարտությունը պատճառ չեն, որ քաղաքացիները վստահության քվե չտան իրենց: Ավելին, ըստ Ղալումյանի՝ իրենց ընդդիմախոսները մեղքի ավելի մեծ բաժին ունեն, ու նրանք պետք է ասեն՝ ինչու ու ինչից այս ամենն առաջացավ: 

«Ընդունում ենք՝ կոպիտ սխալներ ենք արել, բայց մեզ դավաճան ասելը հիմնավորված չէ։ Վստահ եմ՝ ընտրություններից հետո նորից ԱԺ-ում մեծամասնություն ենք կազմելու, իսկ հիմնական մրցակից ԲՀԿ-ին եմ համարում, Վանեցյանն, օրինակ, անգամ մինիմալ շեմին չի մոտենա»,- նշեց իմքայլականը:

Նա անդրադարձավ օրերս ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպին, երբ իջևանցին ավանակով եկել էր խորհրդարանի մոտ՝ ասելով, թե «եկել է Փաշինյանի հետևից»:

«Ճանաչում եմ այդ մարդուն, ՀՅԴ-ական է, ու իր արածով իրեն ու մյուս կազմակերպիչներին է բնութագրել»,- հավելեց Ղալումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։