Ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են, պիտի գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News

Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը քիչ առաջ Սեւ լճի տարածքից վերադարձել է: Armtimes.com-ի հետ զրույցում մարզպետը տեղեկացրել է, որ ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին:

- Պարոն Պողոսյան, ի՞նչ իրավիճակ է սահմանին, բանակցությունները ավարտվեցի՞ն, թե՞ ոչ:

- Չէ, չէ, բանակցությունները ընթացքում են, գնում են, ես նոր իջա Սեւ լճի տարածքից, սպասենք այնտեղ բանակցություններին մասնակցող մեր պաշտոնյաները իջնեն, ճիշտ ինֆորմացիան կտանք, ԱԱԾ շտաբի պետն այնտեղ է:

- Այսինքն հետ չե՞ն գնացել ադրբեջանցիները:

- Գիտե՞ք ոնց, իրենք որ եկել-անցել են մեր պետական սահմանը, դրանք ստորաբաժանումներ են, բայց իրենց վերադասը պետք է ասի, որ հետ քաշվեն, զինվորական են: Իրենք էլ մի հատ քարտեզ են վերցրել, էդ քարտեզով ուզում են ապացուցել, որ դա իրենց տարածքն է, բայց մերն է, էլի, իրոք մերն է դա: Հիմա խնդիրը նրա մեջ է, որ բանակցության փուլում ապացուցենք, որ դա ոչ թե իրենցն է, այլ մերը: ԱԱԾ-ն, այդ ուղղության հրամանատարը հակառակորդի հետ պետք է հանդիպեն, որ ճշտեն, որից հետո զորքերը հետ քաշեն իրենց տեղը:

- Այսինքն այն տարածքը, որտեղ իրենք հիմա փորձում են դիրքավորվել՝ դա մերն է, վստահ եք:

- 100 տոկոսով է մերը: Մեր անձնակազմը մի տեղ է, բլուրները իրարից հեռու են. երբ որ ձյունը հալվել է, ճանապարհները բացվել են, հիմա ուզում են գալ, իրենց պոստերը դնել, բայց պոստերը թող դնեն իրենց սահմանում, ոչ թե մեր սահմանում: Եթե ասենք մոլորվել են, չէ, մտածված էլ եկել են: Մտածված եկել են, պետական սահմանը խախտել են, հիմա պիտի գնան իրենց տեղերը:

- Շա՞տ են առաջ անցել:

- Տարբեր հատվածներում տարբեր չափի՝ 1.8 կիլոմետրից 2 կիլոմետր:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ