Սյունիքի մարզում գիշերվա ընթացքում իրավիճակ չի փոխվել․ նախկին մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

1

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24News-ին հայտնել է, որ Սյունիքի մարզում գիշերվա ընթացքում իրավիճակ չի փոխվել։

«Գիշերվա՝ ժամը 3-ի դրությամբ նույն կերպ է եղել (խմբ․՝ իրավիճակը), ադրբեջանցիները հետ չեն գնացել, մերոնք էլ են տեղում եղել»,-ասել է նա՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ովքեր են եղել տեղում, և արդյոք Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն անձամբ մասնակցե՞լ է բանակցություններին։

«Տեսաք՝ այսպես կոչված «վարչապետը» Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել։ 14 ժամ հետո նոր իր գլուխը մտավ, որ խնդիր կա»,-ասել է նախկին մարզպետը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձելով պարփակել Սև լիճը, թշնամին մի քանի կիլոմետր առաջ է եկել, քանի որ բնագծի այդ հատվածում հայկական դիրքեր չեն եղել։ Հայկական կողմը ռուս խաղաղապահների հետ  բանակցություններ է վարել, որպեսզի ադրբեջանցի զինվորականները հետ քաշվեն։

Մայիսի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմը որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և միաժամանակ հորդորել այս իրավիճակում պահպանել սառնասրտություն։

--00—ԼՄ