Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքի գործով աշխատակիցը չի կալանավորվի

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

Ալեքսանյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մերժել է Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Դատարանը միևնույն ժամանակ Դավոյանի ձերբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Դավոյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 11-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի և թաղապետարանի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում վարչական շրջանի ղեկավարի տեղակալը և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը ձերբակալվել են։

Ըստ նախաքննական մարմնի՝ «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել նույն վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ, որտեղ աշխատանքային խնդիրների շուրջ ստեղծված տարաձայնությունների պատճառով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը և նրա հետ աշխատասենյակ մուտք գործած անձինք հարվածներ են հասցրել նշված բաժնի պետի մարմնի տարբեր մասերին, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը համակարգչի ստեղնաշարով հարվածել է նրա գլխին, իսկ նրանցից մեկը՝ կոտրել վերջինիս պատկանող համակարգիչը և ստեղնաշարը, նախնական տվյալներով, պատճառելով շուրջ 1.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Արմեն Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով, իսկ միջադեպի մյուս մասնակցին՝ ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասի (խուլիգանությունը, որի զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:

Նախաքննական մարմինը դատարան միջնորդություն է ներկայացրել՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Արման Դավոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, մասնավորապես, թեև դեպքի հետ առնչությունն ընդունում են, բայց համաձայն չեն արարքին տրված քրեաիրավական որակման հետ։

Նրա խոսքով՝ դատարանը նույնպես փաստել է, որ չեն ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեին, որ Դավոյանը դեպքի օրը կատարել է այնպիսի գործողություններ, որոնք բնորոշ են խուլիգանության հանցակազմին։

Ինչ վերաբերում է աշխատակիցների միջև կոնֆլիկտի պատճառներին, փաստաբանը հայտնեց, որ դա արդեն վաղուց՝ աշխատանքային բնույթով պայմանավորված, ձևավորված ոչ բարիդրացիական հարաբերությունների արդյունք էր, այսինքն՝ տևական ժամանակ է, ինչ աշխատավայրում իրար չէին հասկանում, մեկը մյուսի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ էին ներկայացնում, ինչն էլ հանգեցրել է սրան։

 --00—ՄՀ