Լինելով նախկին` կռիվ եմ տալիս ներկայի հետ ու պայքարում եմ ապագայի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.

«Ես ՆԱԽԿԻՆ եմ . . .

Նախկին եմ, որովհետև ունեմ անցյալ, պատմություն։ Նախկինում ես աշխատել եմ, կառուցել եմ, ստեղծագործել ու արարել։

Նախկին եմ, որովհետև ունեմ անուն, ազգանուն, ընտանիք։ Թողել եմ հետագիծ, որը տեսանելի և հասանելի է բոլորին, որտեղ պարզ երևում են բոլոր ձեռքբերումներն ու հաջողությունները, սխալներն ու թերացումները։

Նախկին եմ, որովհետև հպարտանում եմ իմ անցյալով, իմ ծնողներով, ընկերներով ու գործընկերներով։ Իմ կյանքի ըմթացքում արել եմ շատ բարի գործեր, օգտակար եմ եղել իմ պետությանը, օգնել եմ կարիքավորներին, ձեռք եմ մեկնել նեղության մեջ գտնվողներին։

Ես ունեմ պատմություն, հարաբերականորեն կարճ, բայց բովանդակալից, հագեցած ձեռքբերումներով ու կորուստներով։

Ես ՆԱԽԿԻՆ եմ, բայց ունեմ ներկա, վստահաբար ունենալու եմ նաև ԱՊԱԳԱ։ Ես գնահատում եմ անցյալը, արժևորում ներկան ու կարևորում ԱՊԱԳԱՆ։

Նախկինում թույլ եմ տվել սխալներ, նույնիսկ այնպիսիք, որոնց համար ինձ չեմ ների ամբողջ կյանքում։

Սխալվել եմ, երբ էգոիզմի ուժով հեռու եմ մնացել իմ պետության համար կարևոր ու վճռական գործընթացներից, թույլ եմ տվել անհայրենիք ու անարժեք մարդկանց ստել ու կեղծել, ժամանակին չեմ ընդդիմացել զազրախոսությանն ու պոռոտախոսությանը։

Լինելով ՆԱԽԿԻՆ, ես կռիվ եմ տալիս ներկայի հետ ու պայքարում եմ ԱՊԱԳԱՅԻ համար։

Նախկին սխալների գիտակցումը ինձ ուժ է տալիս առաջ գնալ և չընկրկել ՈՉ մի դժվարության առջև։

Ամեն ինչ լավ է լինելու . . .»։

--00—ՄՀ