Զինվորականների համար ավելի կարեւոր է կարգադրություն կատարել, քան հայրենիքի պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Վազգեն Մանուկյան

Ցանկացած երկրի սահմաններ երբ խախտվում են՝ զինվորականները կրակելով ու պաշտպանելով են պահում։ Զարմանալի է, որ մեր բանակը միանգամից պատասխան չի տալիս։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Այն, որ իշխանությունը տկար է, դավաճան է, շատ է ասվել, բայց ես զարմանում եմ զինվորականների վրա։ Իրենց համար ավելի կարեւոր է դառնում կարգադրություն կատարել կամ չկատարելը, քան իրենց առաջին պարտականությունը՝ հայրենիքի պաշտպանությունը»։

Ըստ Մանուկյանի մեր բանակը դատապարտված է անգործության։

«Եթե դու ինքդ քո երկիրը չես պաշտպանում, քեզ ոչ մեկը չի պաշտպանի։ Դու պիտի պաշտպանես երկիրդ, որպեսզի նոր իրավիճակ ստեղծվի եւ գան քեզ օգնելու։ 200 հոգի գալիս են, դու նահանջում ես ու հպարտանում, որ զոհ չես տվել, զոհ չես տվել, մինչեւ Երեւան նահանջի թող գան ադրբեջանցիները»,- անդրադառնալով՝ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելուն, նշեց Վազգեն Մանուկյան։

--00--ԱՀ