Սա է մեր իրականությունը, ի՞նչ անենք, եկանք-հասանք այս հանգրվանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Հունան Պողոսյան

Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը կարծում է, որ պետք է ունենանք հուսալի պաշտպանություն, սահմաններ, և հատկապես այս չարաբաստիկ պատերազմից հետո ավելի պետք է զգաստանայինք, ուշադիր լինեինք, մոբիլիզացնեինք ուժերը, հնարավոր միջոցները։ Hraparak.am-ը հրապարակել է հարցազրույց Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանի հետ:

- Պարոն Պողոսյան, Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչ է կատարվում Սյունիքում եւ, առհասարակ, Հայաստանի սահմաններին։ Ինչպե՞ս կարելի է մի օր արթնանալ եւ հայտնաբերել, որ թշնամին պաշտոնական վարկածով 3.5 կիլոմետր խախտել է սահմանը եւ կարծես թե ցանկություն չունի հետ գնալու, մինչդեռ մեզ ասում էին, որ մեր սահմաններն ամուր պահվում են։

- Սա շատ նուրբ, շատ վտանգավոր հարց է։ Ցավոք սրտի, մեր իրականությունում, որպես կանոն, նման դեպքերում հասկացող-չհասկացող խոսում-մեկնաբանում են, վերլուծաբանների պակաս չունենք․ ես որոշակի իմաստով ձեռնպահ կմնամ, բայց ասեմ Ձեզ՝ իմ հրաժարականի տեքստում ես հետեւյալ նախադասությունն  էի կարմիր գծով տանում, որ մենք ապրել ենք այլ իրողությունում եւ այսօր հանկարծ անմիջապես, հարեւանությամբ պետք է ապրենք մեկի հետ, ում հետ օր առաջ կենաց-մահու կռիվ էինք տալիս։ Այս ամենի դրսեւորման ձեւերից մեկն է այն, ինչին մենք այսօր ականատես ենք լինում։ Ես կարծում եմ՝ պատկան մարմինները՝ ՊՆ-ն, ԱԱԾ սահմանապահ զորքերը եւ ԱԳՆ-ն, պետք է ամեն ինչ անեն՝ իրավիճակը վերահսկելու համար։ Կարծես թե ահագին գործ արվեց, Անվտանգության խորհրդի նիստ է եղել, այսօր արդեն մի շարք երկրներ են արձագանքում՝ ղեկավարների մակարդակով, հասցեական հայտարարություններ են անում։ Ինչ վերաբերում է մեզ, մենք ամեն բան պետք է անենք՝ օր առաջ ուժեղանանք։ Ցավոք սրտի, այդ աշխատանքները չեն արվում։

- Վարչապետի պաշտոնակատարը խորհրդարանի ամբիոնից վստահեցնում էր, թե սահմանին դիրքերի վերաբերյալ աշխատանքներ են տարվում, որոնք նկատելի չեն, եթե սահմանն անառիկ պահվեր, չէի՞ն կարող կանխել առաջխաղացումը։ Թե՞ գուցե մենք այսօր այնպիսի փխրուն հրադադարի ռեժիմում ենք, որ ճիշտը իրավիճակը չլարելն է։

- Մենք, ցավոք սրտի եւ ճակատագրի բերումով, ունենք մի «հարեւան», որն արդեն միջազգային ասպարեզում է լկտիացել, իսկ այդ լկտիությանը հանգեցրել է անպատժելիությունը։ Չմոռանանք, որ պատերազմի ժամանակ միջազգային հանրությունն ընդամենը արձագանքում էր, բայց ոչ ավելի․․․ Հիմա Ադրբեջանը փորձելու է լկտիանալ, առաջ գալ, հավակնություններ դրսեւորել։ Մեր խնդիրը պետք է լինի այն, որ այդ սադրանքներին կտրուկ, օրինական եւ մեր երկրի շահերից բխող միջոցներով արձագանքենք՝ ներգրավելով նաեւ միջազգային գործընկերներին, կառույցներին։ Եվ դա անենք այնպիսի մակարդակում, որ հաջորդ անգամ իրենք նման փորձ չանեն։ Մնացածը՝ սահմանագծում, սահմանազատում, պաշտոնյաները շատ հասկանալի եւ ընկալելի  բացատրել են։ Հանձնաժողովներ է պետք ստեղծել, որ ակտիվ ներգրավվի գործընթացին։ Հիմա սա է մեր իրականությունը, ի՞նչ անենք, եկանք-հասանք այս հանգրվանին։ Բայց այս ամենը պետք է արժանապատիվ արվի։

- Դուք կարծում եք՝ կտրուկ արձագա՞նք է, երբ թողնում ես թշնամին մտնի քո տուն, երեք օր է՝ նստել-դուրս չի գալիս, իսկ դու՝ որպես սուվերեն պետություն, փոխանակ քո գործիքակազմն օգտագործես 250 սահմանախախտների նկատմամբ, խորհրդատվության համար դիմում ես ՀԱՊԿ-ին։

- Ես կարծում եմ, որ այդ հարցի հասցեատերը ես չեմ, ես ասում եմ իմ կարծիքը, որ ցանկացած նման դեպքի ժամանակ իրադրությունն օպերատիվորեն պետք է լուծվի, նախ՝ այո, փորձեն կանխել, իսկ եթե առաջացել է նման վիճակ՝ կանխել։ Հիմա ես կարծում եմ, որ միգուցե չմտածված մի քայլ կարող է ավելի մեծ խնդրի առաջ կանգնեցնել կամ սադրել եւ այլն, դրա համար եմ ասում, որ պատկան մարմիններն ամբողջությամբ պետք է ներգրավվեն գործընթացին, իսկ առաջնահերթ՝ պետք է բանակը հզորացնել։ Նոր իրողություններ են, նոր են այդ սահմանները, իսկ Դուք ինձանից լավ գիտեք Սյունիքի աշխարհագրությունը, որքան նման բարձունքներ կան եւ որքան խոցելի տարածքներ կան։

- Դուք գեներալ եք, չե՞ք հիշում՝ նախկինում սահմանախախտների հետ ինչպես էին վարվում, հենց սահմանին ոչնչացնում էին, ինչո՞ւ չի կարելի հիմա նման գործողություններ անել կամ գոնե գերեվարել։

- Դա հիմնականում ՊՆ-ի խնդիրն է, ես գեներալ եմ, բայց՝ ոստիկանության, եւ իմ ամբողջ կյանքում գողերի եւ անբարոյականների դեմ եմ պայքարել։ Բայց տարրական վերլուծությունը, այո, ցույց է տալիս, որ պետք է ունենանք հուսալի պաշտպանություն, սահմաններ, եւ հատկապես այս չարաբաստիկ պատերազմից հետո ավելի պետք է զգաստանայինք, ուշադիր լինեինք, մոբիլիզացնեինք ուժերը, հնարավոր միջոցները։ Կան պատկան մարմիններ, եւ կարծում եմ՝ օր առաջ պիտի անեն այդ բոլորը։

--00--ԱԹ