Եթե բանակը չկատարի իր պարտականությունը, կնախաձեռնենք աշխարհազորայինների հավաքագրում. ՀՓՇ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

նկար

«Հայրենիքի փրկության շարժման» խորհրուդը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ եթե բանակն իր վրա չվերցնի ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր պարտականությունը, մենք պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց:

«Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են օկուպացված պահել ռազմավարական նշանակության տարածքներ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Հայաստանի իշխանությունները ոչ միայն ի զորու չեն եղել կանխել մեր տարածքների զավթումը թշնամու կողմից, այլև մինչ այս պահը չեն կարողացել մեր տարածքներն ազատել ադրբեջանական զինուժից:

Այս ամենը 2020 թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի շարունակությունն է:

Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից և դրա իրագործումն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները, խախտելով նույնիսկ մեզ համար անընդունելի այդ փաստաթուղթը, շարունակեցին զիջել նոր տարածքներ:

Դուրս հանելով ՀՀ Զինված ուժերը Զանգելանից և Որոտանից (Կուբաթլու)՝ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ սկսեցին սահմանները գծել GPS-ով՝ ի վնաս մեզ: Հետագայում պարզվեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան ստորագրված նաև գաղտնի փաստաթղթեր, որոնցից մեկը պատահաբար բացահայտվեց 2020 թ. դեկտեմբերին: Այժմ, ըստ հավաստի տեղեկությունների,  կան այլ փաստաթղթեր ևս՝ ստորագրված 2021 թ. հունվարի 11-ին:

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, առանց հայկական կողմից որևէ դիմադրության, խախտելով նույնիսկ GPS-ով ապօրինի գծած սահմանները, ներխուժում և գրավում են ՀՀ ռազմավարական նշանակություն ունեցող նոր տարածքներ: Եվ ո՛չ մի համարժեք պատասխան Հայաստանի իշխանությունների կողմից:

Նիկոլ Փաշինյանի դրդապատճառները՝ հանցավոր ձևով շարունակելու կապիտուլյացիան, ոչ մի տրամաբանական բացատրություն չունեն, ինչպես բացատրելի չէ ՀՀ նախագահի վարքագիծը, որն ի պաշտոնե մեր պետության գլուխն է և մեր երկրի շահերի պաշտպանն ու երաշխավորը:

Մեր տարածք ներխուժած թշնամուն համարժեք պատասխան չտալը իշխանությունների կողմից բացատրվում է նրանով, որ դա կարող էր դառնալ նոր լայնածավալ պատերազմի բռնկման պատճառ: Սակայն մեր բանակը պարտավոր է կատարել իր ուղիղ պարտականությունը՝ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ փոքր ընդհարումներից խուսափելու նպատակով զիջումների քաղաքականությունն ամենակարճ ճանապարհն է դեպի լայնածավալ պատերազմ (հիշենք 1938 թ. Մյունխենի համաձայնագիրը):

Բանակն ունի պարտականություններ՝ ենթարկվել իշխանության հրամաններին և պաշտպանել երկիրը: Սակայն այս երկու պարտականությունների միջև հակասության դեպքում պարտավոր է ընտրել հայրենիքի պաշտպանությունը, ինչը չանելու դեպքում մեղավորները վաղ թե ուշ ենթարկվելու են պատասխանատվության:

Եթե բանակն իր վրա չվերցնի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը թշնամու ոտնձգություններից պաշտպանելու իր պարտականությունը, ապա մենք պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց, որպեսզի ժողովուրդն իր վրա վերցնի երկրի պաշտպանության գործը»,- ասված է Խորհրդի տարածած հայտարարության մեջ:

--00—ԼՄ