Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի․ «Պատիվ ունեմ» դաշինք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Քաղաքական

«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրել է դաշինքի արժեքները։

«Մենք պահպանողական կուսակցություններ ենք, որոնց նպատակներն ու գործունեությունը բխում են Հայրենիքի հավերժականության գաղափարից:

Հայկական անկախ պետականությունը հայության նպատակների իրականացման միակ միջոցն է: Պետության հզորացումը մեր ժողովրդի հարատևության, քաղաքացիների բարեկեցության, մեր սահմանների պաշտպանվածության և միջազգային հեղինակության ապահովման միակ ճանապարհն է: Պետության զարգացման պարտադիր պայմանն ու երաշխիքն «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» հայեցակարգի լիարժեք ներդրումն է:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անգնահատելի մեծ դեր ունի հայ ժողովրդի արժեհամակարգի, լեզվի ու մշակույթի անաղարտության պահպանման, դրանով իսկ` հայության միասնության ապահովման գործում։ Մենք այն համարում ենք հայի ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին, միաժամանակ լիովին հարգում ենք մարդկանց խղճի ազատության իրավունքը։

Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ:

Հայաստանի Հանրապետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքի հայության ներուժը ի նպաստ Հայոց պետականության հզորացմանև սփյուռքի արժանապատիվ գոյության ուղղելուն։

Իրավունքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքների նկատմամբ հանրային իշխանության հարգանքն ու դրանց պաշտպանության արդյունավետ արդարադատական մեխանիզմների առկայությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն:

Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի»:

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս