Իրադրության հետագա զարգացումները կարող են անկանխատեսելի հետևանքների բերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

․

Մայիսի 17-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ, չնայած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ադրբեջանցի զինվորականների մի քանի խմբեր վերադարձել են ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը նշանակում է, որ խնդիրն, ընդհանուր առմամբ, դեռևս չի հանգուցալուծվել։ Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները, շեշտելով, որ իրադրության հետագա զարգացումները կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։

ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, և որ պաշտոնական Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար։

--00--ԱՀ