ՌԴ-ն փորձում է հայ-ադրբեջանական սահմանի հարցը լուծել առանց արյունահեղության․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

զատուլին

«Հրապարակի» զրուցակիցն է ՌԴ Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ 

Պարո՛ն Զատուլին, ինչպես գիտեք, արդեն 5 օր է՝ բանակցություններ են ընթանում Սյունիքում՝ ադրբեջանցիների հետ, և այդ բանակցություններին մասնակցում են ռուս խաղաղապահները՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք, արդյոք խաղաղապահները բավարար ջանքեր գործադրո՞ւմ են այս կոնֆլիկտը հարթելու գործում։

- Խաղաղապահները փորձում են կարգի հրավիրել, փորձում են խաղաղ ճանապարհով լուծել ստեղծված խնդիրը, և ես կարծում եմ, որ դա ամբողջովին համապատասխանում է նրանց մանդատին և մասնագիտական պարտքին։ Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա, ցավոք, հակասական տեղեկություններ են գալիս, բայց եթե հավատանք Հայաստանի վարչապետի աշխատակազմից եկող տեղեկություններին, ապա ադրբեջանցի զինվորականները հեռացել են այն տարածքներից, որտեղ մտել էին, կարելի է համարել, որ դա թե՛ խաղաղապահների և թե՛ ընդհանրապես Ռուսաստանի աշխատանքի արդյունքներից մեկն է։ 

- Իսկ ի՞նչ եք կարծքում, հայկական կողմը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է։ 

- Ես հույս ունեմ, որ Հայաստանի համար հերիք է այն, որ Ռուսաստանն արդարության և օրինականության կողմնակիցն է, և որպեսզի սահմանները չխախտվեն, հատկապես այսպես միակողմանի․․․, այդ առումով ուզում եմ ասել, որ եթե խոսենք Հայաստանի կառավարության մասին, ապա ջանքեր, իհարկե, գործադրում են, բայց որ խնդիրն առաջացել է ի սկզբանե, ինձ թվում է, մեղքը միայն Ադրբեջանինը չէ, որն ակնհայտ միակողմանի գործողություններ է անում, այլև, ցավոք, Հայաստանի ներկայիս իրավիճակինը, որը ներքաղաքական առումով բաժանված է, որի զինված ուժերն ու սահմանապահ զորքերը պատշաճ մակարդակի վրա չեն, և այս դեպքը թույլ է տալիս ասել, որ Հայաստանի անվտանգությունը ցածր մակարդակի է։ 

- Հայաստանում լուրեր են պտտվում, որ Փաշինյանն Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունների է եկել Տավուշի և Արարատի մարզերում 10 գյուղ, ինչպես նաև Սյունիքի միջանցքը տալու մասին։ Ռուսաստանին, Ձեր կարծիքով, ձեռնտո՞ւ է դա։ 

- Ես չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ խոսակցությունները․ այդ խոսակցությունների բնույթը, հիմքերը և հենց խոսակցություններն ինձ ծանոթ չեն, ոչինչ ասել չեմ կարող։

- Լավ, ուրիշ կերպ ձևակերպեմ հարցս․ Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Ռուսաստանին դա ձեռնտո՞ւ է։

- Ես կատեգորիկ այն բանի կողմնակիցն եմ, որ Ռուսաստանը ճշգրիտ կատարի իր վրա վերցված պարտավորությունները։ Եթե հայկական կողմը, որպես Ռուսաստանի դաշնակից, համարում է, որ իր իրավունքները խախտվել են, որ իր դեմ տեղի է ունեցել ոչ բարեկամական ակտ, որը կարող է առաջ բերել ՀԱՊԿ-ում պրոցես սկսելու հարց, եթե հայկական կողմը տեղի ունեցածը համարում է հարձակում, ապա մենք պետք է լրջորեն ուսումնասիրենք այդպիսի դիմումը, որը, իմ կարծիքով, արդեն արվել է։ Ռուսաստանը, վստահաբար, կողմնակիցը չէ ինչ-որ տարածքների գրավմանը, որն ինչ-որ մեկը համարում է իրենը։ Եթե դատենք Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններից, ապա նախկինում և լրիվ վերջերս էլ նրանք համարում են, որ Երևանն էլ է պատկանում Ադրբեջանին, ադրբեջանական հող է և այլն, բայց Ռուսաստանը, իհարկե, չի կարող աջակցել նման հայտարարություններին և աջակցել այդօրինակ գործողություններին։ Ռուսաստանը փորձում է հասնել նրան, որ այդ հարցը լուծվի առանց արյունահեղությունների և խաղաղ ոգով, և հենց դրա համար են բոլոր ջանքերը»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԼՄ