ԵՊՀ-ում կրքերը թեժանում են.Դումանյանի ռեկտոր դառնալու երազանքը անկատար է մնում․«Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 19, 24News

ԵՊՀ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանում կրքերն օր օրի ավելի են թեժանում: Համալսարանը ռեկտոր չունի, եւ այդ հարցը չի կարողանում լուծել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի Ժ/Պ Վահրամ Դումանյանը, որը ստանձնել է խնդրի կարգավորումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 10-ին նախարարի այցը համալսարան ոչ թե իրավիճակը մեղմել է, այլ, ընդհակառակը, ավելի է վատթարացրել:

Հիշեցնենք, որ նշված օրը ԵՊՀ-ում ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հանդիպել էր ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ՝ քննարկելու բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման նոր կարգը եւ ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխություններին առնչվող հարցերը:

Հավելենք, որ հայրենի կառավարությունը գրավոր ընթացակարգով հավանություն էր տվել մի որոշման, ըստ որի՝ բուհի կառավարման համար իշխանությանն անհրաժեշտ չի լինի բուհի ներկայացուցիչների համաձայնությունը:

Հանդիպման ժամանակ կրքերը այնքան էին թեժացել, որ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը հայտարարել էր՝ Դումանյանը թող գնա ու Նիկոլ Փաշինյանին փոխանցի, որ ԵՊՀ-ն իր «դյուքյանը» չէ։ Այդ միջադեպից հետո մայր բուհում գործում են տարբեր խմբեր, որոնք ամեն ինչ անում են, որ այս իշխանությանը չհաջողվի ԵՊՀ ռեկտոր ընտրել, ու հարցն անժամկետ հետաձգված է: Դումանյանի՝ ռեկտոր դառնալու երազանքը դեռ շարունակում է անկատար մնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ