Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կարևորել է ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների մշակումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

եատմ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը առողջապահության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հետագա խորացմանը, հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում փոխգործակցության և կոլեկտիվ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև Միության անդամ պետությունների՝ միջազգային ասպարեզում ընդհանուր շահերի աջակցմանը: 

«Այս համատեքստում կցանկանայի նշել Միության անդամ պետությունների բժշկական օգտագործման համար նախատեսված ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով և դեղագործական նյութերով հագեցվածության մակարդակի բարձրացման գործողությունների ծրագրի մշակման կարևորությունը: Դրանց արտադրությունը պետք է ապահովվի Միությունում: Համոզված եմ, որ մեր երկրների հետագա համատեղ և համակարգված գործողություններն առողջապահության և դեղագործական արտադրության բնագավառում համագործակցության զարգացման ոլորտում հետագայում դրական արդյունքների կհանգեցնեն»,- գրում է «Արմենպրեսը»՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է մշակել ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ՝ այդ խնդիրների լուծմանն ավելի ակտիվ ներգրավելով պետական ռեսուրսները և ԵԱՏՄ վերազգային զարգացման ինստիտուտները, այդ թվում՝ Մասնագիտացված ներդրումային ֆոնդերի ստեղծման միջոցով:

«Բոլորը կհամաձայնեն, որ մարդկային կապիտալի ամրապնդումը և տեխնոլոգիական զարգացումը մեր տնտեսությունների կայուն տնտեսական աճի հիմնական գործոններից են: Այս առումով անվիճելի է Միությունում մարդկային կապիտալի կուտակման կարևորությունը ավելի հուսալի նորարարական էկոհամակարգ ստեղծելու համար, այդ թվում` կրթության մեջ ինտեգրման գործընթացների խորացման և գիտանորարարական գործունեության միջոցով»,-ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Հաշվի առնելով, որ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ունի սահմանափակ կարգավորիչ գործիքներ կրթության ոլորտում, նա առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ակադեմիական շարժունակության հարթակ:

«Կցանկանայի անդրադառնալ նաև Հայաստանի համար առաջնահերթ կարևորություն ունեցող՝ Միության թվային օրակարգի թեմային: Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ այս տարվա հուլիսի 1-ից արդյունաբերական շահագործման մեջ է դրվում Միության «Միասնական որոնման համակարգի «Աշխատանք առանց սահմանների» առաջին համատեղ թվային նախագիծը: Այս նախագծի շնորհիվ Միության քաղաքացիների համար կհայտնվեն աշխատանքի նոր հնարավորություններ ինչպես իրենց տարածքում, այնպես էլ «հնգյակի» երկրների տարածքում: Գործատուների համար կավելանա անձնակազմի որոնման հարթակների ցանկը: Իսկ անդամ երկրների համար կներդրվեն Միության աշխատաշուկայի զարգացման ժամանակակից և արդյունավետ թվային գործիքներ»,-նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու աշխատանքը՝ ԵԱՏՄ տարածքում  իրավական դաշտի ստեղծման ուղղությամբ, որն ապահովում է Միության և նրա անդամների շահերը համաշխարհային առևտրում:

Նիստն անցկացվել է հեռավար: Բացի ԵԱՏՄ պետությունների ղեկավարներից մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Եվրասիական միության դիտորդ պետությունների ղեկավարներ՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը: