Փաշինյանը պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել. 5165 շարժումը հրավիրում է շտապ հանրահավաքի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

5165

5165 շարժումը հայտարարություն է տարածել շտապ հանրահավաք հրավիրելու մասին:

«Հարգելի՛ հայրենակիցներ, կառավարությունը տվել է հրաժարական՝ այն հիմքով, որ չի վայելում ազգաբնակչության վստահությունը: Ժամանակավոր կառավարությունը իրավասու չէ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ ՀՀ սահմանների փոփոխության վտանգ կստեղծի: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գերգաղտնիության պայմաններում պատրաստվում է Ադրբեջանի հետ ստորագրել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզների հիման վրա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման համար հիմք ստեղծող փաստաթուղթ: Այս փաստաթղթի ստորագրումը կնշանակի իրավական հիմքեր ստեղծել մեկընդմիշտ ճանաչելու Արցախը՝ որպես Ադրբեջանի անքակտելի մաս:

Ուստի, այս կործանարար գործընթացը կանխելու նպատակով վաղը՝ 2021թ. մայիսի 22-ին՝ ժամը 18.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց) Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն («5165» շարժումը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը) հրավիրում են շտապ հանրահավաք՝ հետևյալ պահանջով.

Ժամանակավոր կառավարությունը պետք է հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության անունից չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը հիմքեր կստեղծի զիջել Հայաստանի Հանրապետության տարածքները:

Հանրահավաքին, հանրությանը կներկայացվեն.

ՀՀ ժամանակավոր իշխանությունների կողմից բանակցվող փաստաթղթի բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն և վերլուծություն,

Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի գաղափարը, նպատակները, գործառույթները, գործողությունների հետագապլանը:

Ժամանակավոր կառավարության կողմից պահանջը չընդունելու դեպքում՝ անհնազանդության գործողությունների պլանը»:

--00--ԱԹ