Վարդենիսում ժամկետային զինծառայող է անհետացել․ նա 3 ամսվա զինծառայող է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Հասարակական

Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորած ժամկետային զինծառայող Նորիկ Աղաբաբյանը, որը Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է, 3 ամսվա զինծառայող է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

«Նա 18 տարեկան է։ Ծառայում է Վարդենիսում: Վերջին անգամ ինտերնետ է մտել Վարդենիսի տարածքում, և այլևս նրանից տեղեկություններ չենք ունեցել: Այս պահին ոստիկանությունը նրան փնտրում է, բայց դեռևս նորություն չկա»,-ասաց  համայնքի ղեկավարը:

Նշենք, որ քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

«Ս.թ. մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Հավելենք, որ զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով»,-ասված է ՊՆ ՌՈ հայտարարության մեջ։

--0--ԿԿ