ՀՀ կառավարության առաջնահերթություններից է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Հասարակական

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է  աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՏԿՈՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին,  քննարկել հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցման, Հայաստան–Իրան տարանցիկ փոխադրումների ակտիվացման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանն առնչվող հարցեր։

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ գործընկեր գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի հայ-իրանական տրանսպորտային հաղորդակցության հետագա զարգացման համար։ Նախարար Պապիկյանը ներկայացրել է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, այդ թվում՝ առանձնահատուկ  կարևորել  Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը և վերջինիս ընձեռած հնարավորությունները Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստների միջև առևտրատնտեսական շրջանառությունը մեծացնելու հարցում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻԻՀ ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին՝ վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը տնտեսական կապերի խորացմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների, մասնավորապես՝ «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կյանքի կոչման գործում։ էսլամին խոսել է Հայաստանի հետ ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունն ընդլայնելու, «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածների կառուցման աշխատանքներին ներգրավվելու իրանական կողմի  հետաքրքրվածության մասին։

Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Նախարար Պապիկյանը զրուցակցին մանրամասներ է հաղորդել Հյուսիս-հարավ  ճանապարհի Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկի վերաբերյալ։ Ընգծելով  շինարարարական որակի բարձր չափանիշների ապահովումը՝  նախարարը հայտնել է, որ պետական միջոցների ներգրավվումը ծրագրում լավ  նախադրյալներ կստեղծի արտասահմանյան, այդ թվում՝ իրանական շինարարական ընկերությունների ներկայացվածության համար։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև տարանցիկ բեռնափոխադրումների գործընթացոմ ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգմանն առնչվող հարցերին։ Իրանական կողմին փոխանցվել է , որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը ներկայում օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախաձեռնել, որով նախատեսվում է վերանայել Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող վճարների դրույքաչափերը և դրանց հաշվարկման չափանիշները․ փոփոխության արդյունքում իրանական բեռնափոխադրողների համար այդ դրույքաչափերը մի քանի անգամ կնվազեն։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն քննարկել  են նաև միջգերատեսչական համագործակցության օրակարգից բխող այլ հարցեր, անդրադարձել հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող համատեղ աշխատանքներին։

--00--ԿԿ