Հայ գերիներին ազատելու պահանջով ակցիա՝ Թբիլիսիում

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Մի շարք թբիլիսահայեր միացել են Ադրբեջանում պահվող ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու ակցիային: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Ընթերցված պահանջի տեքստը ներկայացնում ենք առանց մեկնաբանության.

«Էթնիկ հայերն ու մարդու իրավունքների պաշտպանները միանում են Հայաստանի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիան անհապաղ դադարեցնելու կոչին: Ադրբեջանը՝ նույն ինքը` ավտորիտար ռեժիմը ապօրինի կերպով պահում է  ավելի քան 200 հայ ռազմագերիների, ինչպես նաև խաղաղ բնակիչների, տարեցների և կանանց: Մարդու իրավունքների պաշտպաններն ու քաղաքացիական անձինք ավելի քան 2 ամիս հավաքվել են Բեռլինում, Բոստոնում, Կոպենհագենում, Համբուրգում, Լոզանում, Լայպցիգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում,  Մոնրեալում, Մոսկվայում, Նյու Յորքում, Փարիզում, Պրահայում, Տորոնտոյում, Վարշավայում և այլ քաղաքներում` պահանջելով ազատ արձակել ապօրինի պահվող գերիներին, որոնք Ադրբեջանում` անմարդկային պայմաններում են գտնվում 2020-ի նոյեմբերից, ենթարկվում են  խոշտանգումների: Վերջին ութ ամիսների ընթացքում Ադրբեջանը խախտել և շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը, և որ ավելի վտանգավոր է, Բաքուն չի կատարել 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի պայմանները, որը ներառում էր նաև բոլոր ռազմական գործողությունների դադարեցում և պատանդների ու խաղաղ բնակիչների անհապաղ փոխանակում: Ադրբեջանը շարունակում է  ռազմական ագրեսիան,  իր պահվածքով լիովին անտեսում միջազգային իրավունքը, ինչը հակասում է Ժնևի կոնվենցիային:  Ադրբեջանի խախտումները և միջազգային իրավունքի անտեսումն օրեցօր սաստկանում  են. 2021-ի մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը  խախտել են  Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ներխուժել նրա` միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, ինչը  նպաստում է աշխարհում բռնապետության հաստատմանը, որ պատերազմները, բռնակցումը, միջազգային իրավունքի խախտումը անպատիժ մնան:  Սա չի վերաբերում միայն Հայաստանին, աշխարհը պետք է դատապարտի  Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը: Մեր կառավարությունները պետք է անհապաղ վերջ տան  Իլհամ Ալիևի արյունալի արկածներին, որոնք կարող են հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի` Հարավային Կովկասում՝ սպառնալով համաշխարհային խաղաղությանն ու  անվտանգությանը:  Մենք միասնական ենք և պահանջում ենք մեր կառավարություններից` անհապաղ միջամտել` դադարեցնելու Հայաստանի դեմ ագրեսիան, վերադարձնել բոլոր  պատանդներին»:

--00--ԱԹ