Քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է 25-ամյա բնակիչը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է Կոտայքի մարզի 25-ամյա բնակիչ Սերգեյ Սարդարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա կասկածվում է մայիսի 25-ին իր կողմից վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու և դեպքի վայրը լքելու մեջ: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սարդարյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ ավտոմեքենան՝ Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 25-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 13/10 հասցեի դիմաց ինքնությունը չպարզված անձը Nissan մակնիշի անհայտ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին։ Վրաերթի ենթարկվածը շպրտվել ու բախվել էր Kia մակնիշի ավտոմեքենային, իսկ Nissan-ի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, ավտոմեքենայով դիմել էր փախուստի:

--00--ԱՀ