Ղազարյան․ Հիմա ոչ մեկին հնարավոր չէ նշանակել ԱԳ նախարարի պաշտոնակատար․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարածքային ամբողջականության շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի համածիրում մայիսի 31-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնից հեռացավ Արա Այվազյանը։  «Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել», - մայիսի 31-ին ԱԳՆ անձնակազմի հետ կազմակերպված հրաժեշտի հանդիպմանն ասել էր Այվազյանը։  

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի հետ։

- Պարո՛ն Ղազարյան, Արա Այվազյանը հրաժարական տվեց ԱԳ նախարարի պաշտոնից։ Իր հրաժեշտի խոսքում ասաց․ «Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ Ինչպե՞ս ընկալել այսպիսի հայտարարությունը։ Արդյո՞ք ստեղծված իրավիճակին համապատասխան է։

- Կարծում եմ, որ եթե համադրենք փաստերը և նախարարի հրաժարականի այդ ելույթը, ապա ակնհայտ է դառնում, որ այն գաղտնի բանակցությունները, որ վարում է Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ, իրենց մեջ պարունակում են հակապետական, ապազգային տարրեր։ Եվ վնասում են մեր պետականությանը և մեր ժողովրդի շահերին։ Եվ նախարարն ընդամենը դուրս է գալիս գործընթացից՝ դրան մասնակցություն չցուցաբերելու համար։ Ինչը, իմ կարծիքով, նախ չի արդարացնում մինչև հիմա իր կատարած գործունեությունը՝ ծառայելով հայ ժողովրդի թշնամուն և ընդամենը ինչ-որ էտապից դուրս գալով ծառայությունից։ Եվ երկրորդը, ես կարծում եմ, արժանապատիվ պաշտոնյաները նման դեպքերում ոչ թե պետք է իրենք հրաժարական տան և թույլ տան թշնամին շարունակի իր ապազգային գործունեությունը, այլ պետք է մնային իրենց պաշտոններում և իրենց լիազորությունների շրջանակներում խոչընդոտեին և արգելեին նրան իրականացնելու այսպիսի քայլերը։

- Արտգործնախարարությունը որպես կառույց ի՞նչ էր կարող անել կառավարության դեմ։

- Խոսքը նրան է վերաբերում, որ ոչ թե կառավարության դեմ քալեր իրականացնեն, այլ առհասարակ ամբողջ պետական կառավարման համակարգը, ենթադրենք՝ արտգործնախարարությունն իր աշխատակցիների մասով, մյուս նախարարություններն՝ իրենց, գոնե ժամանակավորապես դադարեցնեն իրենց ծառայությունն այս հանցավոր, թշնամական ռեժիմին․ նրանք [Իմքայլականները] չեն կարող իրականացնել որևէ գործողություն, որևէ քայլ և ստիպված կլինեն հրաժարական տալ։

Այսինքն՝ նրանց հրաժարականի պահանջը գործնական քայլերով պետք է դրսևորվի, ոչ թե իրենց հրաժարականներով։ Տեսե՛ք, մենք նույնն ունեցանք զինված ուժերի պարագայում․ փետրվարի 25-ին ամբողջ ղեկավար կազմը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարումը սպառնալիք է հանդիսանում մեր պետության, մեր ժողովրդի համար, բայց շարունակեցին իրենց ծառայությունը սպառնալիքին։ Եվ մինչև հիմա էլ շարունակում են ծառայել նրան, ով, իրենց կարծիքով, համարվում է սպառնալիք։ Պետք է դադարեցներին իրենց ծառայությունը մի պահանջով՝ որպեսզի նա թողնի-գնա, ոչ թե իրենք․ հիմա տեսնում եք, որ հերթով իրենք [բարձրաստիճան պաշտոնյաներն] են գնում։ Նույնն արտգործնախարարության պարագայում է։ Նախարարը, փոխնախարարը, այլ պաշտոնյաներն են հեռանում․ այն դեպքում, որ իրենք պետք է պահանջեին, ասեին, անկեղծորեն պետք է խոստովանեին։

Արա այվազյանը և ցանկացած նախարար, ցանկացած պաշտոնյա հանրային ծառայող են։ Այսինքն՝ նրանք ծառայում են ոչ թե կոնկրետ վարչապետին, պաշտոնյայի, այլ ծառայում են հանրությանը։ Եվ նրանք պարտավոր են հանրությանը տալ օբյեկտիվ, լիարժեք ինֆորմացիա, այսինքն՝ մեզ չթողնեն ենթադրությունների հույսին, այլ ճշմարտությունն ասեն մեր երկրի ղեկավարի պաշտոնն ապօրինի զբաղեցրած մարդու մասին, որն իրականացնում է քայլեր, գործողություններ, որոնք վտանգում են մեր պետության, մեր ժողովրդի շահերը։ Եվ մենք պետք է բոլորս համախմբվենք՝ դիմադրություն ցույց տալու այդ դավաճանի ապօրինի գործողություններին։

- Պարոն Ղազարյան, տեսե՛ք, շատ հետաքրքիր է, որ օրինակ՝ 2020 թվականի Նոյեմբերյան հայտարարությունից հետո Զոհրաբ Մնացականյանը գնաց, հետո Արա Այվազյանը նշանակվեց արտգործնախարար։ Ամեն ինչ-որ փաստաթուղթ շրջանառվելիս ԱԳ նախարարները հեռանում են, և ինչ-որ մարդու [իմքայլականները] գտնում են նշանակելու։ Ըստ Ձեզ՝ կլինի՞ համակարգում էլի մեկը, որն ամեն դեպքում կհամաձայնվի ու կկատարի իմքայլականների կամքը։

- Կարծում եմ, որ «Նոյեմբերի 9»-ից հետո ցանկացած պաշտոնյա, որը համաձայնում է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա կառավարությունում, նրա ենթակայությամբ, նա հայ ժողովրդի թշնամի է, որովհետև շարունակում է ծառայել մեր ժողովրդի ամենամեծ թշնամուն։ Համաձայնում է աշխատել մի մարդու հետ, որը որ մեր ժողովրդի ամենամեծ թշնամին է; Այդպիսին է եղել նաև Արա Այվազյանը, երբ համաձայնել է ստանձնել նախարարի պաշտոնը։ Տեսե՛ք, Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց, ճի՞շտ է, ինչի՞ համար, նախարարները ե՞րբ են հրաժարական տալիս․ երբ որ ձախողում են ունենում, չէ՞, իրենց աշխատանքներում։ Հնարավոր չէ՝ դու հաջողություններ ունենաս, և քեզ պաշտոնանկ անեն։

Հաջողության դեպքում միայն լինում է ծառայողական առաջխաղացում, երբ որ նշանակվում են ավելի բարձր պաշտոնի։ Իսկ երբ որ հեռացնում են աշխատանքից, դա ձախողման հետևանք է, նշանակում է դժգոհություն կա նրա աշխատանքի նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև պաշտպանության նախարարությանը։ Դավիթ Տոնոյանը հեռացվեց, չէ՞, պաշտոնից։ Ինչի՞ համար, ի՞նչ էին արել նրանք․ վատ էին աշխատել, ձախողել էին դիվանագիտությունը, ձախողել էին պատերազմը։ Իսկ այդ ամեն ինչն ո՞վ է ղեկավարել․ ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրանք պետք է հեռացվեին, Նիկոլ Փաշինյանը մնար այն դեպքում, եթե նրանք արել էին գործողություններ, քայլեր, որոնցից Փաշինյանը տեղյակ չի եղել, չեն համաձայնեցրել իրենց քայլերը, կատարել են գործողություններ, չեն զեկուցել վարչապետին։

Ես բացառում եմ, որ նման բան եղած կլինի․ ինքն այդ ամեն ինչը ղեկավարել է, ինքը ղեկավարել է Զոհրաբ Մնացականյանի գործողությունները, հանձնարարություն է տվել, նա [Մնացականյանը] կատարել է։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Զոհրաբ Մնացականյանը պետք է հրաժարական տա, գնա, ինքը [Փաշինյանը] մնա։ Ես չեմ ասում՝ Զոհրաբ Մնացականյանը, Դավիթ Տոնոյանը պիտի մնային, իրենք իսկապես ձախողել էին, իրենք շուտ պետք է վռնդվեին, բայց դա պետք է լիներ ամբողջ կառավարության վռնդվելու հետ միասին։ Այսինքն՝ պետք է հրաժարական տային Նիկոլ Փաշինյանը՝ իր ողջ կառավարությունով, այդ թվում՝ նաև Զոհրաբ Մնացականյանը, Դավիթ Տոնոյանը։

- Արա Այվազյանը, փոխնախարարներից մեկը հրաժարական տվեցին, հիմա ԱԳՆ-ի աշխատանքն ինչպե՞ս է հնարավոր կազմակերպել, և այս իրավիճակում ինչպե՞ս է կարող գործել ԱԳՆ-ն, ինչպե՞ս պետք է գործի։

- Ամբողջ պետական կառավարման համակարգը հիմա կոլափսի է ենթարկվել։ Տեսե՛ք, նախագահը ստորագրել է հրամանագիր (ես անդրադարձել էի «Ֆեյսբուքում» իմ գրառմամբ) Արա Այվազյանին պաշտոնից ազատելու մասին։ Աբսուրդ։ Նախագահն ապրիլի 25-ին արդեն ստորագրել էր հրամանագիր կառավարության հրաժարականը ընդունելու մասին։ Ստացվում է, որ նախագահը երկու անգամ ազատել է պաշտոնից, որովհետև Այվազյանը ապրիլի 25-ից ազատված էր պաշտոնից։ Եվ հիմա այս պարագայում կառավարությունում նորից փոփոխությունն անտրամաբանական է։ Հիմա մեր երկիիրը հայտնվել է բացարձակ անիշխանության պայմաններում, հասկանո՞ւմ եք, մենք հիմա չունենք կառավարություն։ Օրենքի ուժով լուծարվել է Ազգային ժողովը, մենք այսօր չունենք Ազգային ժողով։ Հիմա պարալիզացված է պետական կառավարման համակարգի գործունեությունը, առավելևս՝ արտաքին գործերի նախարարության։ Հիմա, տեսե՛ք, ոչ մեկին հնարավոր չէ նշանակել նախարարի պաշտոնակատար, որովհետև ընդունվել է կառավարության հրաժարականը; Հիմա կառավարությունում պաշտոնների նշանակում հնարավոր չէ, քանի չի ընտրվել վարչապետ ու չի ձևավորվել կառավարություն։

- Այսինքն՝ որևէ փոխնախարար չի՞ կարող նախարարի պարտականություններ կատարել։

- Ոչ, ըստ էության, փոխնախարարը կարող է կատարել միայն փոխնախարարի պարտականություն, բայց որպես նախարար կամ նախարարի պաշտոնակատար հանդես գալու իրավասություն որևէ մեկը չունի ու չի կարող ունենալ, քանի Հայաստանի Հանրապետությունում չի ընտրվել վարչապետ և չի ձևավորվել կառավարություն։ Փոխնախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է։ Մեր ամբողջ երկիրը կոլափսի է ենթարկված։ Եվ սա արել են հայ ժողովրդի թշնամիները՝ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ծառուկյանը, Էդմոն Մարուքյանը և Արմեն Սարգսյանը, որոնք ենթադրյալ հանցավոր խումբ են ստեղծել, եկել են հանցավոր համաձայնության և հետպատերազմյան այս բարդ ժամանակաշրջանում տապալել են օրինական ընտրված իշխանությունը Հայաստանում և երկիրը վերածել են քաոսի։ Եվ դրանից ո՞վ է օգտվում, դրանից օգտվում է մեր երկրի մյուս արտաքին թշնամին։ Եվ դրա հետևանքը լինում է այն, որ այսօր ՀՀ պետական տարածքում, ըստ Հայաստանի պաշտոնական աղբյուրների, կա 1000 ադրբեջանցի զինծառայող, որոնք գերեվարում են մեր զինվորներին Հայաստանի տարածքում, որոնք սպանում են ՀՀ քաղաքացիներին, հայ զինվորներին Հայաստանի տարածքում և մնում անպատիժ։ Սրանք են հետևանքները»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ