Զինծառայողների դիերը նկուղային սենյակներում թողնելու առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

․

ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի սառնարաններում տեղերի բացակայության պայմաններում Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերում, այնտեղ տեղափոխելու, պահման համար անհրաժեշտ պայմաններ չունեցող նկուղային սենյակներում թողնելու փաստի առթիվ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները  չարաշահելը) 1-ին մասի հատկանիշներով՝ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Դեպքի կապակցությամբ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում նյութեր սկսել են նախապատրաստվել դրա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ մայիսի 31-ից: Դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողությունների կատարման ընթացքում զոհված զինծառայողների դիերով ու մասունքներով նշված պարկերից 6-ը նկուղային հարկից տեղափոխվել են Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում առկա սառնարաններ, իսկ մյուսները՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու դիահերձարան:

--00--ԱՀ