Միակ պատճառը «Հայաստան» դաշինքի կազմում Փարամազյանի անդամակցումն է. Երվանդ Վարոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

քաջարան

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելու միակ պատճառը գալիք ընտրություններն են ու այդ ընտրություններին «Հայաստան» դաշինքի կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցության մասնակցությունը, որին անդամակցում է Մանվել Փարամազյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Մամուլում նախօրեին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ավարտվել է քրեական գործով նախաքննությունը, որով որպես մեղադրյալ է ներգրավված Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։ Հետաքրքրական է, սակայն, որ այդ լուրը տարածելով լրատվամիջոցը արտատպել էր ժամանակին Քննչական կոմիտեի կողմից տարածված հեքիաթ-մեղադրանքի բովանդակությունը, սակայն «նպատակահարմար չէր գտել» փորձել պարզել պաշտպանության կողմի դիրքորոշումը կատարվողի վերաբերյալ։ Իրոք, նախաքննական մարմինը հայտնել է նախաքննության ավարտի մասին, պաշտպանության կողմին տրամադրել քրեական գործի նյութերը»,- նշեց Վարոսյանը։

Փաստաբանի խոսքով՝ քրեական գործի նյութերով ոչ միայն չի հիմնավորվել Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը, այլ այն ամբողջությամբ հերքված է. «Ավելին գործի նյութերում առկա են փաստական հանգամանքներ, որոնք ուղիղ բացահայտում են, որ այս շինծու հետապնդումը ի սկզբանե ձեռնարկվել է քաղաքական նպատակներով»։

Երվանդ Վարոսյանն ընդգծեց, որ այս քրեական գործով մեղադրական դատավճիռ լինել չի կարող. «Այդ դեպքում պարզ է, որ այս ամենը կատարվում է միայն մեկ նպատակով` տարածել հերթական մամլո հաղորդագրությունը, որը համեմված կլինի Մանվել Փարամազյանին որպես հանցագործ ներկայացնելու փորձերով, սեւացնել մարդու բարի համբավն ու կրկին խաբել հասարակությանը։ Հետաքրքիր է, որ գործող իշխանություններն այնքան սնանկ են, որ այս գործելաոճը չեն փոխում անգամ այդ դեպքում, երբ նման մանիպուլիացիաներն արդեն չեն աշխատում, չեն տալիս իշխանության համար ցանկալի արդյունք»։

--00--ԱՀ