Թափթփուկների ագրեսիան կամ հանցագործություն պետության դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

1
«Մենք մահանում ենք, որովհետև ժողովուրդը քնած է, բայց դուք կմեռնեք ժողովրդի արթնանալու հետևանքով»։

Հյուգո, «Իննսուներեքը»

 

Քսենոփոնը, եթե հիմա անցնի Հայաստանով, կամ Մարկո Պոլոն ճանապարհորդի հայերի երկրի միջով, ինչպիսի՞ն կլինի քաղաքակիրթ օտաերկրացու ընկալումը մեր ժողովրդի մասին։ Արդյոք նա կտեսնի՞ աշխատասեր մշակների, պատասխանատու քաղաքացիների, արդար ղեկավարների, օրինակելի մարդկանց ու գիտակից հասարակության պատկեր։ Իհարկե, ո՛չ։

Հայաստանը ալեկոծվում է աղբի և կղանքի միջև, որտեղ հայհոյախառն մոլագարությունը լռեցնում է բանականությունը, և եղբայրատյացությունը ոչ թե պախարակելի վարքականոն է, այլ` սկզբունքային վարքագիծ։

Սա ընդունելի չէ, բայց նորմալ է այն իրավիճակի համար, որում երկիրն այսօր գտնվում է։

Հարցը ոչ այնքան 2018 թ. գարնանային աղմուկն է, որի ծածկույթի տակ կյանքի կոչվեց դավադրությունը, այլ խնդիրն այն է, որ չի հաջողվում կասեցնել գահավիժումը, և դրա գլխավոր խանգարող գործոնը հենց ժողովուրդն է։

Վանոն ասում էր. «Մեր ժողովուրդը ընդունակ չէ ինքնազգաստացման»։

Սա դիագնոզ է։ Բնութագրումը ոչ թե ժամանակավոր բնույթի է, այլ գենետիկ հարատևության համընդհանուր պատկեր ։

Եվ այս ծանր ճշմարտությունը ընդունելու համար հիմք են հազարամյակների մեջ պերմանենտ կրկնվող անկումները, կորուստները, կոտորածները` երկրի մակերեսի փոքրացումը, ժողովրդի քչացումը, հայրենակիցների կողմից ու ձեռքով հայրենի թագավորների ու իշխանների ուղղակի և անուղղակի սպանությունը, օտարի գերիշխանության գերադասումը և նման բաներ։ Այսինքն՝ վերջնարդյունքում հայը հաջողել է հայի դեմ, ինքն իր դեմ։

Սակայն այն կատաղությամբ, ինչպես հիմա է կատարվում հայկականության բնաջնջումը, աննախադեպ է։

Իհարկե, մարդուն ու զանգվածին առաջնորդում են անհատները` ընթացքում կերտելով հասարակություն և ազգ կոչված հասկացողությունները, բայց երբ որ կերտողը կեղեքում է, նավապետը մեկ փոթորիկից դեպի մյուսն է տանում, գնացքավարը ուղիղ դեպի անդունդն է քշում, և հովիվը հոտին թշնամու սպանդանոց է ուղարկում, գիտակցության նշույլ ունեցող քաղաքացին պետք է մի պահ կանգ առնի սթափվելու և ըմբոստանալու համար, որովհետև միայն սադոմազոխիստը կարող է հաճույք ստանալ, երբ իրեն տանջում են։ Փաստորեն, մեր նյութը տեղից ինչքան փտած ու վատն է եղել, որ հոժարակամ այս տեսակի է վերածվել ու շարունակում է նույն ձևով մնալ։ Խոսքն այն մասին է, որ ժողովուրդը, տրվելով հանցավոր խենթությանը, ինքն իրեն բնաջնջում է։

Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել Հայաստանում տիրող այս տիղմառատ տեսարանը։

Մարդիկ զանգվածաբար պաշտպանում են Նիկոլին, ով համընդհանուր զզվախտի, նախանձի, կեղծիքի ծնունդ, գործիք և էություն է, թափթփուկների անգնահատելի լիդերն է։

Նրա օրոք բոլորիս կենսատարածքը կոյուղու վերածվեց, և ժողովուրդը եռանդով տրվում է խաբեությանը, բերկրանք ապրում այս ճիվաղությունից։

Չերչիլն իր՝ «Իմ մեծ ժամանակակիցները» հանճարեղ աշխատությունում Լեյբա Տրոցկու մասին հետևյալ միտքն ունի. «Նա ոտքի հանեց աղքատներին հարուստների դեմ։ Նա ոտքի հանեց չքավորներին աղքատների դեմ։ Նա ոտքի հանեց հանցագործներին չքավորների դեմ։ Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես ինքն էր ուզում, բայց մարդկության հանրային արատները պահանջում էին նորանոր ճիպոտահարումներ։ Իջնելով ամենախորը անդունդի ամենահատակին՝ նա աներևակայելի կորովով փորձեց սուզվել ավելի խորը»։

Իհարկե, Նիկոլը համեմատելի չէ պատմական ոչ մի երևելի դեմքի հետ, որովհետև թույլ է, վատն է, և ձևով՝ գաճաճային, բովանդակությամբ՝ վտիտ, բայց նրա քաղաքական գոյությունը աղավաղում է հայ մարդու ինքնագիտակցությունը` ոչնչացնելով բանականության և արժանապատվության վերջին մնացորդները։

Սակայն թերագնահատել նախկին լրագրողին պետք չէ։ Պետք չէ պախարակելի առումով ու ոչ թե գովելի։

Նիկոլ Փաշինյանը կարողացավ տեսնել ու հասկանալ ժողովրդի վատթարագույն կողմերը, սնուցել դրանք և դարձնել նրանց հասարակական գործոն։ Նա ոչ միայն ակտիվացրեց պլեբսին, այլև վերածեց պետության մեջ ամենաակտիվ լոկոմոտիվի․ կեղծիքով լիցքավորեց, մանիպուլիացիայով կառավարում է։

Աբսուրդ է, որ դեռևս նիկոլիզմին հարողներ և փաշիզմին ձայնակցողներ կան, բայց փաստ է սա, որի հետ պետք է ոչ թե հաշվի նստել, այլ պետք է լուծել լուծարման եղանակով։

Ընտրություններով այս հարցը չի հաղթահարվի։ Սա երկարատև քարոզչության ու կրթության պատճառահետևանքային պրոբլեմ է, որի շտկման համար խաղաղ ու կայուն պայմաններ են պետք։

Փոթորիկի ժամանակ ցորեն չեն ցանում, և հրդեհի ժամանակ արտը չեն հնձում։

Մտածել, թե ժողովուրդը ինքնուրույն կսթափվի, ապարդյուն զբաղմունք է, որովհետև տհաս հասարակությունը մարտնչող է լինում։

Պետությունը կամ կստանա բոնպարտիստկան, դըգոլյան կառավարում (շատ ցանկալի, բայց այս պահին` խիստ կասկածելի), կամ կանցնի ֆիլտրացման պրոցես` անհատները, անձերը, խմբերը, իրար դեմ պայքարելով, մեկ մեկու դուրս կթողնեն, և արժանավոր հաղթողները կվերցնեն ամեն ինչ ու առաքելություն կիրականացնեն (տեսանելի, բայց տևական ընթացք), և երրորդը` դաշտում եղածները իրար են կոտորելու ու փոփոխական հաջողություններով երկիրը արյունաքամ են անելու, քանի որ հիմա դեռ չի երևում այն մեկը, որ կկարողանա ներդաշնակության հասնել․ ուժեղները ուզում են ստիպել, մյուսները` մանիպուլացնել։

Թերևս այստեղ էականորեն առանձնանում է առաջին պրեզիդենտ Տեր֊Պետրոսյանը, ում արծվային հեռատեսությունը և ֆունդամենտալ գաղափարները, խարիզման ու փորձը կարող են էական փոփոխություններ բերել, բայց ցավոք այսօրվա ընտրողը ուրիշ` կենցաղային, հատակային, ստամոքսային բնազդներով է շարժվում, և Լևոնը իր համար անհասանելի բարձր է` ընկալելու, մարսելու համար։

Անկախ վերլուծությունից և կանխատեսումից՝ ի՞նչ պիտի անի հայ մարդը հիմա․ ոտքի կանգնի։

Թշնամին տանից ներս է` ի դեմս փաշիստական վարչակազմի և նիկոլիստական խմբակների․ սա ջարդել է պետք։ Հակառակորդներին ոտքի տակ տալով են ոտքի կանգնում, և պետականամետը չպիտի հանդուրժի պետականադավներին, հայրենասերը` ազգադավներին, հաղթանակով ապրողը՝ պարտության մունետիկներին, թասիբով տղամարդն ու կինը՝ ստորաքարշությամբ քարշ եկողներին։ Պետք է ոտքի կանգնեն, ամեն մեկը՝ իր տեղում, յուր չափերի և հնարավորությունների մեջ, բայց մի բանում վճռական՝ Նիկոլը պետք է հեռացվի ու ենթարկվի ռազմական տրիբունալի դատին, նիկոլիզմը՝ դաջվի պախարակության կնիքով, փաշինյանականությունը դրվի քաղաքականությունից ու բարոյականությունից դուրս։ Հետո հերթով, շարքով, կարգով կանդրադառնանք բոլոր կիսատ մնացած հարցերին` Հոկտեմբերի 27֊ի ահաբեկչությունից մինչև անկախ ու ուժեղ պետականության վերականգնում։

Բայց մինչև դա ու հիմա` Կատոն Ավագի պես, որն Սենատի իր ամեն ելույթն ավարտում էր՝ «Կարթագենը պիտի ընկնի» ասելով, մենք էլ վեր կենանք ու ասենք. «Նիկոլը պիտի ծնկի բերվի»։

Պետք է կասեցնել պետության դեմ իրականացվող հանցագործությունը, կանգնեցնել վերջին ցեղասպանության` գնալով մոտեցող հնարավորությունը, շակալների տարածքից վերածվել հովազների բարձունքի և համապատասխան դառնալ Վանոյի ասածին. «․․․ բնական բան է, որ արժանապատվությանը տեր կանգնող ժողովուրդը միշտ էլ սիրելի է»։

 

Ռուբեն Վարդանյան

Պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ