Համալսարանական հիվանդանոցում մեկնարկել է «Արյան դոնորի շաբաթը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

արյուն

Հունիսի 14-ին արյան դոնորի միջազգային օրն է: Օրվա շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի Արյունաբանական կետը հայտարարել է «Արյան դոնորի շաբաթ»:

ԵՊԲՀ-ից հայտնում են, որ հունիսի 14-ին և հաջորդող շաբաթվա օրերին, միանալով կամավորներին, հանձնելով արյուն՝ կարող եք դառնալ այս մարդասիրական նախաձեռնության մի մասը:

«Արյունաբանական կետի պատասխանատու, համալսարանական հիվանդանոցի Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար Գայանե Պետրոսյանի խոսքով՝ Արյունաբանական կետում տարեկան գրանցվում է մոտ 1500 արյան դոնորության դեպք:

Արյան դոնորներ կարող են դառնալ 18-60 տարեկան առողջ մարդիկ: Նշենք, որ հաշվի առնելով արյունաբանական կետի կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 2017 թվականի հունիսի 14-ին՝ արյան դոնորի միջազգային օրը, բացվեց արյունաբանական կետ:

Կետը տեղակայված է մայրաքաղաքի ամենահին համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքում, հագեցած է ժամանակակից սարքավորումներով:

Արյան դոնորությունը մարդասիրական կամավոր քայլ է և փրկում է մարդկային կյանքեր: Արյանը փոխարինող որևէ միջոց չկա, այդ իսկ պատճառով Ձեր հանձնած արյունը անգին է»,- ասված է հայտարարությունում:

 --00—ՄՀ