Արցախում ՌԴ ԱԻՆ ծառայողները պարգևատրվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ԱԻՆ

Հունիսի 12-ին Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, ծառայության մի խումբ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված է խաղաղապահ առաքելությամբ Արցախում գտնվող ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Մեխակ Արզումանյանը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն է փոխանցել գործընկեր կառույցի ծառայողներին, միաժամանակ շնորհակալություն հայտնել ԱԻ պետական ծառայության հետ ակտիվ համագործակցության համար:

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանն Արցախում իրավիճակը կայունացնելու միջնորդական ջանքերի, խաղաղության և կայունության վերականգնման գործում ցուցաբերվող օգնության համար:

Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում համահավաք խմբի արագ արձագանքման՝ մասնավորապես, պիրոտեխնիկական, փրկարարական և հումանիտար արձագանքման  խմբերին: Ձեր մասնագիտական գործունեությունը կարևոր է ամբողջ Ռուսաստանի և Արցախի համար»-նշված է եղել ՆԳ նախարարի ելույթում:

Կարեն Սարգսյանի հրամանով ՌԴ ԱԻՆ մի խումբ ծառայողներ արժանացել են պարգևների: 

«Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար» մեդալները և պատվոգրերը փոխանցել է  ծառայության ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը:

ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին  շնորհավորել և կառավարական պարգևներ է փոխանցել նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

 --00—ՄՀ