Քննարկվել է առաջիկա 10 տարիների համար գինեգործության զարգացման ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

խաղող

Հունիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նիստին մասնակցել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նիստի ընթացքում ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ամփոփ ներկայացրել է Հիմնադրամի 2021 թվականի խաղողագործության և գինեգործության ոլորտներում իրականացրած ծրագրերի կիսամյակային հաշվետվությունը։

Մասնավորապես ներկայացվել են խաղողագործության բնագավառում իրականացված խաղողի տնկարկների ռեեստրի ստեղծման, աշխարհագրական նշումով գինիների համակարգի լիիրավ կիրարկման, Հայաստանում առկա կոլեկցիոն, ցուցադրական այգիների և տնկարկների պահպանման, նոր սորտերի ներուժի բացահայտման, տեղական սորտերի վիրուսազերծ շտեմարանի ստեղծման, խաղողի հայկական սորտերի ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրության ծրագրերը։

Գինեգործության բնագավառի ծրագրերից ներկայացվել են ԵՄ-ում հիմնվող հայկական գինիների լոգիստիկ կենտրոնը և առցանց վաճառքի միասնական հարթակը, ինչպես նաև միջազգային շուկայում կազմակերպված ցուցահանդեսներն և համտեսները։

Մասնակիցները կարևորել են հայկական գինու արտադրության և արտահանման ծավալների մեծացման, միջազգային շուկայում տեղական գինեգործական արտադրանքի վարկանշի բարձրացմանն ու հանրայնացմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև գինու զբոսաշրջության խթանման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Հայաստանը դրա համար ունի բավականին մեծ ներուժ և նախադրյալներ։

Նիստին քննարկվել են նաև խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև առկա խնդիրները ու դրանց արդյունավետ և համակարգային լուծման մեխանիզմները։

Նիստի ավարտին որոշվել է աշխատանքներ իրականացնել առաջիկա 10 տարիների համար գինեգործության զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ։

--00—ՄՀ