Բերքահավաքն անկորուստ հավաքելու հարցում ռեսուրս չի  խնայվելու․ խորհրդակցություն՝ ԱԻՊԾ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

նկար

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ծառայության ղեկավար կազմի, ստորաբաժանումների և շրջանային բաժինների պատասխանատուների մասնակցությամբ անց է կացրել հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Քննարկվել են ծառայության ամառային շրջանի գործունեության, հրդեհավտանգ շրջանում բերքահավաքն անկորուստ կազմակերպելու, ինչպես նաև ծառայությանն առնչվող մի շարք հարցեր: Ծառայությունը բարձր մակարդակով կազմակերպելու հարցը ԱԻՊԾ տնօրենի համար մնում է առաջնային:
Նրա կարծիքով կրտսեր խմբի հետ հաճախակի անցկացվող պարապմունքներն ու ուսումնավարժություններն օր օրի ավելի են բարձրացնում փրկարար-ծառայողի մասնագիտական ունակությունները։

«Պետք է անձնական օրինակով ծառայել ժողովրդին»-ընդգծել է Արզումանյանը, հավելելով, որ մասնագիտորեն պատրաստ անձնակազմ ունենալը ծառայության առաջին նախապայմանն է:

ԱԻ պետական ծառայության համար տարվա պատասխանատու ժամանակահահատվածն է՝ բերքահավաքի շրջանը: Մարտունիում և Մարտակերտում մեկնարկել է գարու բերքահավաքը, Ասկերանում նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

Նախանշված անելիքների վերաբերյալ Մ. Արզումանյանը փրկարար ուժերի վարչությանը հանձնարարել է հաշվի առնել նախորդ տարիների փորձը: Բերքահավաքն անկորուստ հավաքելու հարցում որևէ ռեսուրս չի  խնայվելու:

Խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների և հրատապ լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ ևս հանձնարարականներ են տրվել:

նկար

--00—ԼՄ