Ինչո՞ւ են ԲԿ-ներից պահանջել ստացիոնար բուժվողների տվյալները. Ավանեսյանը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է այն խոսակցություններին, թե մի քանի բժիշկներ ահազանգել են՝ մարզպետարաններից բժշկական կառույցների ղեկավարներին հրահանգ է եղել բուժանձնակազմին պարտադրել, որ ներկայանան Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքին, ինչպես նաև ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրերի տվյալները ներկայացնեն:

«Բոլոր բժշկական հաստատությունները՝ անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձիք հնարավորություն ունենան ընտրելու»,-պարզաբանել է նախարարի պաշտոնակատարը և այդ մասով լուրերը «հերյուրանք» որակել։

Անահիտ Ավանեսյանը նաև կոչ է արել բոլոր ահազանգերով դիմել իրավապահ մարմիններին: Նա չի բացառել, որ բժշկական կենտրոններից աշխատողներ հանրահավաքին ներկա կլինեն, սակայն բացառել է, որ նման հորդոր եղել է:

Հիշենցնենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հանրապետության հրապարակում համապետական հանրահավաք է հրավիրել:

--00—ԼՄ