Ադրբեջանը հետախուզում է հայտարարել հայկական բանակի պահեստազորի գնդապետի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Կորյուն

Ադրբեջանի իշխանությունը միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանի զինված ուժերի պահեստազորի գնդապետ Կորյուն Ղումաշյանի նկատմամբ: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝  հաղորդել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Գյանջա քաղաքի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել Ղումաշյանի դեմ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 120.2.1 («Սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ»), 120.2.7 («Երկու և ավելի անձանց սպանություն»), 120.2.12 («Դիտավորյալ սպանություն ՝ ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի դրդապատճառով») հոդվածներով: Դատարանի որոշմամբ Ղումաշյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,  նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել»,-ասված է հաղորդագրությունում։

Վարույթի պատճառ է դարձել Ղումաշյանի տված հարցազրույցը «Նոյան տապան»  երևանյան հրատարակությանը: Դրանում պահեստազորի սպան ասել է, որ իր ղեկավարությամբ Լաչինի (Բերձոր) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջաններում ականապատվել է շուրջ 500-600 հա տարածք, որոնք անցյալ տարվա վերջին անցել են Բաքվի վերահսկողության տակ, իսկ  ականների տեղափոխման համար անհրաժեշտ է եղել 17 բեռնատար:

Ավելի վաղ ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավոյի) նկատմամբ:
 

--00—ՄՀ