Եթե Փաշինյանի թիմից մեկը հեռանա, կկորցնեն կայուն մեծամասնությունը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին, որպեսզի նրանցից որևէ մեկի մտքով չանցնի լքել թիմը։ Եթե մեկը հեռանա, իշխող խմբակցությունը կկորցնի կայուն մեծամասնությունը և ստիպված պետք է լինի համագործակցել 2 ընդդիմադիր ուժերի հետ, որ օրենքներ անցկացնի։ Իսկ ընդդիմությունն այս անգամ շատ արմատական է տրամադրված և տարբերվելու է ԲՀԿ-ից ու ԼՀԿ-ից՝ նրանց հետ լեզու գտնելը հեշտ չի լինելու։

Ինչպես հայտնի է, սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների թվի 2/3-ով, ապագա խորհրդարանում 107 պատգամավոր կլինի, 2/3-ը կկազմի 71 մանդատ, հենց այդքան էլ ՔՊ-ն պատգամավոր կունենա ԱԺ-ում։ Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների համար ևս 2/3 է պահանջվում։ Այսինքն, բացի Սահմանադրության մեջ փոփոխություններից, կարող են իրենց ուժերով ցանկացած օրենք ընդունել, եթե, իհարկե, կարողանան խմբակցության միասնականությունը պահպանել։

Նշենք նաև, որ եթե ընդդիմադիրները չհրաժարվեն մանդատներից, ապա ԱԺ 2 փոխնախագահներից մեկի պաշտոնը բաժին կհասնի «Հայաստան» դաշինքին, 11 մշտական հանձնաժողովներից էլ 3-4-րդը կհասնի ընդդիմությանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ