Մեր օրակարգն այս ընտրություններին պարտվեց. Փաշինյանն ընդունել է Մարուքյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Մարուքյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ուզում եմ ասել, որ որքան հնարավոր է եղել, հետևել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավին, և, անկեղծ ասած, նաև ափսոսում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու շեմը, որովհետև կուսակցությունն իր տեղն ունի և իր դերակատարումն է ունեցել մեր վերջին տարիների քաղաքական կյանքում: Այսօր կուզենայի նաև լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և կուզենայի լսել, թե ինչ լուծումներ եք տեսնում, որպեսզի կառավարությունը և արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, փոխադարձաբար լսելիության ավելի բարձր աստիճան ունենան: Եվ այլ մտքեր, եթե Դուք ինչ-որ գաղափարներ ունեք և հարկ եք համարում, որ այսօր մենք այդ թեմայով քննարկում ունենանք:

Էդմոն Մարուքյան - Պարոն Փաշինյան, շնորհակալ եմ հրավերի համար: Այո, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացրեց հիմնականում համերաշխության, ներքին հաշտությունը վերականգնելու և երկրի ներսում միասնականությունը վերականգնելու կարգախոսներով: Ըստ էության, մենք գտնում ենք, որ մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում: Չնայած դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ և ներկայացնել այն մոտեցումները, որ մենք պաշտպանում ենք և պաշտպանել այն արժեքները, որոնք կուսակցության հիմքերում են: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորված խորհրդարանը և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամբողջությամբ կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս