Ընտրությունների արդյունքով որևէ հարց չլուծվեց․ Միքայել Մելքումյան․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Մելքումյան
«Հրապարակ» օրաթերթը հարցազրույց է ներկայացրել ԲՀԿ-ական այլևս նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ

- ԲՀԿ-ն հանդես չի եկել ընտրությունների գնահատականով՝ ընդունո՞ւմ եք արդյունքները, թե՞ ոչ։

- Ասել ենք, որ իրավական գործընթացներ՝ խախտումների հետ կապված, կարծեմ 300-ից ավելի պաշտոնական դիմումներ կան։ Մենք կհասկանանք խախտումների բնույթը և անպայման արձագանքելու ենք։ Էնպես որ՝ մենք շատ ակտիվ ենք, ակտիվ շարունակելու ենք մեր քաղաքական գործունեությունը։ Մանդատով չէ, որ ակտիվ ենք։ Ինչ ծրագրեր որ հռչակել ենք՝ պարոն Ծառուկյանը, մենք, բոլորն ուժի մեջ են։ Անկախ էն բանից՝ մենք խորհրդարանում ենք, թե ոչ, մեր կառույցներն ունենք, մեր թիմը կուռ է, շարունակելու ենք մեր գործունեությունը։ Էնպես որ, էս առումով որևէ խնդիր չենք տեսնում, որ չլինելով խորհրդարանում՝ չշարունակենք մեր համակողմանի գործունեությունը։ Եվ դուք շուտով դրանում կհամոզվեք։

- Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում առանձնապես ակտիվ չէր, մի կողմ քաշվեց, որ 2 հակամարտող բևեռների միջև չմնա։

- Բացարձակ։ Որևէ էդպիսի բան չկա, այսպես մտածելու հիմքեր՝ ևս։ Ամեն մի քարոզարշավ իր առանձնահատկությունն է ունենում՝ կախված պայմաններից։ Ինչ որ պետք էր, արվել է, այլ բան է, որ ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, և ընտրությունների արդյունքներն էլ ոչ թե հանգուցալուծեցին ճգնաժամը, այլ էլ ավելի խորացրին այն։ Ընտրությունների արդյունքով որևէ հարց չլուծվեց։ Իսկ դա նշանակում է, որ հենց էսօրվանից սկսվում է հաջորդ արտահերթ ընտրությունների հետ կապված գործընթացը։ Ի վերջո, ինչի՞ համար էր արտահերթ ընտրությունը։ Նրա համար, որ կա ճգնաժամ։ Ես կարծում եմ, որ իրական տրամադրությունները, ինչ որ դրսում կան, և այն արդյունքները, ինչ որ ստացվել են, կա որոշակի դիսոնանս։ Բայց ունենք էն, ինչ ունենք, դրա համար պետք է քաղաքական ուժերը շարունակեն իրենց պայքարը։ Միգուցեև էս խորհրդարանում չլինելը մեր համար նոր պայմաններ ստեղծի, որ մենք վերագնահատենք, թե խորհրդարանից դուրս ինչ նոր արդյունավետ քայլեր ենք անելու։

- ԲՀԿ-ն անգամ Կոտայքում 3-րդ տեղն ընկավ։ Վերլուծե՞լ եք՝ ինչո՞ւ։

- Ուրեմն, ամեն ինչ էլ վերլուծվում է, ամեն ինչ իր ժամանակին ձեզ կհաղորդենք։ Կարծում եմ՝ մեր վերլուծական կարողությունները որևէ մեկի մոտ կասկած չեն հարուցում։ Շուտ ա դեռ, հենց որ ամբողջական, համակարգային պատկերը կունենանք, անպայման ձեզ կասենք։

- Կա կարծիք, թե ձեզ դաս տվեցին, որ ՔՊ-ի հետ լոյալ էիք։ Ասում էին՝ ձեր ցուցակը Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանն է հաստատում, դուք 2 կողմից էլ չընդունվեցիք։

- Տենց բան չկա՝ ընդունվել-չընդունվել։ Հերթական աբսուրդներն են։ Եթե մենք 20-րդ անգամն ասենք, որ բացառում ենք էս, էս, 21-րդ անգամ պիտի ասեիք՝ բայց չէ․․․ Ասում էին, որ ցուցակը «ծյունինգ» են անելու, Մելքումյանը չպիտի լինի, եղա՞վ։ Ձեր լրատվամիջոցն էլ էր գրել։

- Այո, բայց նաև գրել էինք, որ Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը չեն լինելու, չեղան։

- Ես իմ մասով եմ ասում։ 

- Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին հրավիրեց իր հետ համագործակցության։ Պատրա՞ստ եք գնալ, հանդիպել։

- Որևէ հարց ո՛չ քննարկել ենք, ո՛չ էլ ես տեղեկացված եմ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

--00—ՄՀ