Պետք է փոխել սահմանադրությունն ու անցնել նախագահական կառավարման. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Քաղաքական

Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականը հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք այն թարգմանաբար.

El Pais - Դուք խոսում եք շատ խնդիրների ու բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս ավելի ճիշտ կլինի դա անել:

- Փոխելով Սահմանադրությունը: Մեր շատ խնդիրներ կապված են ոչ ճիշտ սահմանադրության հետ: 2015 թվականին բարեփոխված սահմանադրությամբ երկիրը դարձավ ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական: Իսկ ճիշտ որոշում կայացնելու համար պետք է պատասխանատվություն կրել: Գործող սահմանադրությամբ վարչապետն ունի բոլոր իրավունքները, սակայն հիմնականում որևէ մեկի առաջ հաշվետու չէ, նա հաշվետու է միայն խորհրդարանին, այսինքն՝ ինքն իրեն, քանի որ խորհրդարանական մեծամասնություն ունի: Երբ չկա խորհրդարանական ինստիտուտների մշակույթը, իսկ մեզ մոտ այն չկա, դա չի կարող արդյունավետ աշխատել:

El Pais - Ինչպիսի՞ փոփոխություն պետք է լինի:

- Հայաստանը եղել է Ռուսական կայսրության, այնուհետև Խորհրդային Միության մաս: Հետո մենք դարձանք նախագահական հանրապետություն: Կա նախագահի ինստիտուտի մշակույթը: Բացի այդ, մենք քրիստոնյաներ ենք, մենք միշտ ուզում ենք ունենալ փրկիչ: Սա դրսևորվում է նաև քաղաքական գործիչների նկատմամբ մեր վերաբերմունքում: Մենք ասում ենք. «Եկեք և փրկեք մեզ, տվեք լավագույն խոստումները, մենք կհավատանք ձեզ՝ անգամ գիտակցելով, որ դրանք չեք իրականացնելու»: Կուլտուրայի տեսանկյունից երկիրն ավելի լավ հասկանում է ուղղահայաց՝ նախագահական իշխանությունը, քան խորհրդարանականը: Եվրոպական ինստիտուտները մեզ հորդորում էին զարգացնել խորհրդարանական ժողովրդավարությունը, սակայն իրականում մարդկանց մեծամասնությունը դա չի հասկանում: Սա լինելու է առաջիկա տարիների իմ առաքելությունը:

Սակայն անգամ նախագահական համակարգի պարագայում մենք պետք է այն հավասարակշռենք ուժեղ խորհրդարանով, ինչը հիմա չենք անում: Մեր խորհրդարանը ներկայացուցչական չէ: Մենք պետք է ունենանք այնպիսի խորհրդարան, որի անդամները կներկայացնեն կոնկրետ մարդկանց, կոնկրետ վայրեր, կոնկրետ քաղաքներ: Իսկ դրանից հետո պետք է լուծել մյուս առանցքային հարցը՝ ինչպես աշխատել մեր Սփյուռքի հետ:

El Pais - Ի՞նչ իմաստով:

- Մենք հայկական Սփյուռք անվանում ենք այն հայերին, ովքեր բնակվում են արտերկրում: Այն մեր ազգային արժեքն է, և մենք նրանից չենք օգտվում: Մենք պատնեշներ ենք կառուցել՝ թույլ չտալով Սփյուռքի մեր հայրենակիցներին մուտք գործել մեր երկիր քաղաքական տեսանկյունից: Պատգամավոր դառնալու համար պետք է վերջին չորս տարին բնակվես Հայաստանում, պետք է ունենաս միայն Հայաստանի անձնագիր, ինչն անհեթեթ է: Նույնը նաև նախագահի պարագայում՝ պետք է վերջին վեց տարին բնակվես Հայաստանում և ունենաս միայն մեկ անձնագիր՝ հայկականը: Սակայն երբ քո ուժը մարդկային արժեքն է, քեզ պետք է մեկը, ով ունի կյանքի մեծ փորձառություն, ով ճանապարհորդել է, ապրել ու աշխատել ողջ աշխարհում: Ողջ աշխարհում մեծ թվով հայեր են ներգրավված քաղաքականության, բիզնեսի ոլորտներում: Նրանցից և ոչ ոք այսօր չի կարող իր քաղաքական ներդրումն ունենալ Հայաստանում: Միայն բարեգործությամբ երկրին չես կարող օգնել: Համաշխարհային փորձառությունը, գիտելիքներն են իրական հարստությունը: Պատկերացրեք, որ ներկայիս 3.5 մլն հայերի փոխարեն լինեն 15 միլիոնը:

El Pais - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ղեկավարած կառավարության հասցեին հնչող ամենալուրջ մեղադրանքներից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության վերաբերյալ բանակցությունները կարող էին միանգամայն այլ կերպ լինել: Դա այդպե՞ս է:

- Ես չեմ սիրում ենթադրություններ անել: Ես և վարչապետը երկու տարբեր մարդիկ ենք, տարբեր սերունդներ, տարբեր փորձառություն: Անգամ թշնամուն՝ Ադրբեջանին ենք տարբեր կերպ ճանաչում: Հետևաբար, ամենայն հավանականությամբ, արդյունքները կարող էին լինել տարբեր: Ես չեմ կարող ասել, թե՝ հստակ ինչպիսին, քանի որ այստեղ դերակատարում ունեն ոչ միայն բանակցող անձինք, այլև արտաքին գործոնները և այն, թե ինչպես են դրանք ազդում քեզ ու քո հակառակորդի վրա: Սակայն կարծում եմ, որ տվյալ դեպքում մենք պետք է մոռանանք այդ մասին և կենտրոնանանք ապագայի վրա: Մեր պատմության ընթացքում եղել են դրվագներ, որոնք մենք երբեք չենք մոռանա, ինչպես՝ Ցեղասպանությունը: Շատ կարևոր է, որ մյուս կողմը ևս հասկանա, որ եթե չես հանդուրժում ուրիշի արժեքները, մշակույթը, պատմությունը, ապա չես կարող հարաբերություններ կառուցել: Մեր հարևանների հետ հարաբերությունները չեն կառուցվելու ո՛չ սահմանների ու ո՛չ էլ զինվորների թվաքանակի հիման վրա: 26 տարի առաջ նույն երկրները պատերազմեցին, և հայերը հաղթանակ տարան: Ի՞նչ գիտեք, թե ինչ կլինի վաղը: Հիմա Ադրբեջանը կարող է մի պարզ քայլ կատարել՝ տուն վերադարձնել հայ ռազմագերիներին: Դա կլինի փոքր, սակայն կարևոր քայլ կործանված հարաբերությունների կառուցման ճանապարհին: Թուրքիան ցանկանում է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ, և դա նորմալ է: Էրդողանը չէր 106 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության կազմակերպիչը: Բայց, պետք է ուժեղ լինես ներողություն խնդրելու համար: Ներում հայցելը ուժ է, այլ ոչ թե թուլություն: