Թուրքիան հետևողականորեն ավելացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Արտակ

Արցախյան վերջին պատերազմից սկսած, Թուրքիան հետևողականորեն ավելացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և փորձելու է ռազմա-քաղաքական առումով շրջադարձերի տանել տարածաշրջանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Վրաստանը վաղուց է շրջադարձեր անում դեպի արևմուտք, մասնավորապես դեպի ՆԱՏՕ: ՆԱՏՕ-ն պաշտոնապես արդեն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Վրաստանին: Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը, պաշտոնապես դեռ պահպանում է “լավ” հարաբերությունները ՌԴ հետ, սակայն ռուսական կողմից, ՀՀ իշխանություների նկատմամաբ ակնհայտորեն չկա լիարժեք վստահություն:

Պաշտոնական Բաքուն առայժմ Ռուսաստանի դեմ բացահայտ քայլեր չի անում, սակայն օրեց-օր ավելի է մերձենում Թուրքիայի հետ: Դրա հերթական վկայությունը վերջերս հայկական Շուշի քաղաքում ստորագրված թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական նոր դեկլարացիան է, որն ընդգրկում է սերտ համագործակցություն բոլոր ոլորտներում: Հատկապես կարևորվել են երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման և ռազմական ներուժի ավելացման հարցերը: Իսկ դեկլարացիայի ստորագրումից հետո Էրդողանը, Ադրբեջանի պառլամենտում հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմական բազայի տեղակայման հարցով խորհրդակցելու է ՌԴ նախագահի հետ: Իր այդ հայտարարությունը նա վերահաստատել է նաև Անկարա վերադառնալուց հետո:

Այս թեմային բնականաբար արձագանքել է պաշտոնական Մոսկվան: ՌԴ ԱԳ նախարար Լավրոնը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ տարածվող շշուկները չի մեկնաբանում, ինչը նշանակում է, որ այդ գաղափարի շուրջ արված Էրդողանի պաշտոնական հայտարարությանը, Մոսկվան առայժմ լուրջ չի վերաբերվում: Մոտ օրերս Լավրովն ու Չավուշօղլուն Անթալիայում հանդիպելու են, և քննարկելու են նաև Արցախի շուրջ առկա հարցերը:

Եթե նայենք իրականությանը և փաստերին, ապա թուրքական զինվորականները և ավիացիան արդեն երկար ժամանակ է գտնվում են Ադրբեջանում: Մի գուցե հրահանգիչների, կամ ռոտացիոն սկզբունքով արվող և բավականին հաճախակի դարձած զորավարժությունների տեսքով, բայց այնուամենայնիվ նրանք Ադրբեջանի տարածքից չեն հեռանում: Մյուս կողմից, Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ունենալու իմաստ կարծես թե չկա, որովհետև գոնե տեսանելի ապագայում Ադրբեջանի անվտանգությանը ոչինչ առայժմ չի սպառնում:

Կա նաև հարցի իրավական կողմը և ըստ Ադրբեջանի սահմանադրության, արգելված է իր տարածքում օտարերկրյա ռազմաբազայի տեղակայումը: Իհարկե այն կարելի է փոխել, բայց նույնիսկ ադրբեջանական դիկտատուրայի պայմաններում դա այդքան էլ հեշտ չի լինի:

Հետևաբար, մեծ հաշվով Մոսկվային առաջիկայում կանհանգստացնի ինչպես թուրքական ռազմական ներկայությունը Արցախի շուրջ, այնպես էլ Ադրբեջանի հետևողական թեքումը և մերձեցումը դեպի Թուրքիա, ՆԱՏՕ և արևմուտք: Այս պահին, ռուսական կողմից դեռ չեն երևում քայլեր, որոնք կհակակշռեն Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցության հետևողական աճին: Պաշտոնական Մոսկվան, դեռևս նախընտրում է սպասել, և հանդես չգալ որևէ դիրքորոշմամբ:

Այն պահից, երբ Ադրբեջանը՝ թուրքական բանակի հետ համատեղ պատերազմեց ընդդեմ ՀԱՊԿ անդամ Հայաստանի և նրա երաշխավորության տակ գտնվող Արցախի, այդ պահից Բաքուն փաստացի ընտրեց ՆԱՏՕ-ի ճանապարհը: Ընդ որում, ՆԱՏՕ-ն դեմ չէր այդ պատերազմին, և թույլ տվեց, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակը մինչև վերջ կռվի ընդդեմ հայերի: Իսկ Ադրբեջանում որևէ տիպի թուրքական ռազմաբազայի հայտնվելը, միանշանակ պետք է դիտարկվի որպես ՆԱՏՕ-ի ընդլայնում ռուսական ռազմավարական շահերի գոտում»:

--00—ՄՀ