ՀՀ-ում առաջին անգամ է, որ ընտրությունները ծառայում են որպես ճգնաժամի հաղթահարման գործիք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել դատախազության բոլոր աշխատակիցներին.

«Հարգելի պարոն Դավթյան,
հարգելի գործընկերներ,

Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով: Այս ժամանակաշրջանում հատկապես ուզում եմ ընդգծել, որ մեր իրավապահ համակարգը, որտեղ դատախազությունն ունի խաչմերուկային նշանակություն, ըստ էության, կատարեց իր առջև դրված խնդիրը: Այն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Հիմա իհարկե տեսնում ենք, թե ինչպիսի արձագանքներ ունեն խորհրդարանական ընտրությունները հայ և միջազգային հանրության շրջանում: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ ընտրությունները որպես ինստիտուտ ծառայում են որպես ճգնաժամի հաղթահարման գործիք: Ցավոք, նախկինում առավելապես ընտրությունների արդյունքում ավելի շատ ճգնաժամեր են առաջացել, և առաջին դեպքն է, երբ մենք կիրառել ենք ժողովրդավարական այդ գործիքը՝ ներքաղաքական ճգնաժամն ու հակադրությունը հաղթահարելու գործում: Իհարկե, 2018 թվականն իր առանձնահատկությունն ուներ և 2018-ին էլ մեր ընտրություններն անցան շատ բարձր որակով, բայց դրանք կանխատեսելի ընտրություններ էին և ընդհանրապես որևէ հարց, հարցական այդ ընտրություններում չկար: Եթե հիմա բացառությունները հանած նայենք մեր ընտրությունների պատմությունը և տեսնենք, թե ինչպիսի իրադրություն էր երկրում տիրում ընտրություններից առաջ և հետո՝ կտեսնենք, որ սովորաբար ընտրություններից հետո կրքերը բորբոքվում են և առաջին անգամ է, որ բորբոքված կրքերը հանդարտվում են ընտրությունների արդյունքում:

Սա շատ բանի մասին է խոսում: Եվ ես այստեղ չեմ կարող չընդգծել մեր դատաիրավական համակարգի, դատախազության դերը, որովհետև ընտրությունների նախընթաց շրջանում շատ մեծ մտավախություններ կային քարոզարշավի անվտանգության ապահովման, քվեարկության անվտանգության ապահովման, ձայների հաշվարկի անվտանգության ապահովման հետ կապված, բայց պետք է արձանագրենք, որ այս բոլոր հարցերը լուծվեցին ու ապահովվեցին ամենաբարձր մակարդակով:

Ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել բոլորիդ, որովհետև ակնհայտ է, որ այստեղ կատարվել է համակարգային աշխատանք և այդ համակարգային աշխատանքի շնորհիվ է ապահովվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտությունը: Նույնպիսի շատ ավելի բարդ իրավիճակում էինք, այո, հետպատերազմյան շրջանում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, և պետք է արձանագրել, որ վերջին 7-8 ամիսներին մեր պետությունն անցել է աննախադեպ ցնցումների միջով: Մենք ունեցել ենք եզրային վիճակներ, որտեղ ընդհանրապես պետական ինստիտուտների ու պետության գոյության հարցն է դրվել կասկածի տակ, և այստեղ իրավակարգի ապահովման ուժերի և մարմինների դերակատարումը պիտի առանցքային լիներ՝ երաշխավորելու համար մեր իրավակարգը, մեր սահմանադրական կարգը, մեր պետականության լինելիությունը»,-ասել է Փաշինյանը:

--00--ԿԿ