Կարևոր գործառույթ է ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որը ՀՀ-ում սկսել է գործել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: 

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ առնվազն հոգեբանական շատ լուրջ և խորքային փոփոխություններ են տեղի ունեցել: Վարչապետի պաշտոնակատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ի վերջո արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նրանց բովանդակությունը և արդյունքները ցույց են տալիս այն, որ մեր հանրության շրջանում տեղի են ունեցել անշրջելի փոփոխություններ և պետական կառավարման համակարգն ամբողջությամբ պետք է դիրքավորվի ըստ այդ փոփոխությունների՝ արձանագրելով, որ երկրում ամենամեծ պահանջը և պահանջարկը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ իրավունքի և արդարության, արդարադատության լիարժեք կայացումը, օրենքի գերակայությունը, պատասխանատվության և պատժի անխուսափելիությունը: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանի խոսքով, դատախազությունն ունի առանցքային նշանակություն և կան բոլոր հիմքերն արձանագրելու, որ այդ գործառույթն այս նոր քաղաքական իրավիճակում դատախազությունն ի վիճակի է լիարժեք իրագործել:

«Շատ կարևոր գործառույթ է նաև ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որը Հայաստանի Հանրապետությունում նոր սկսել է գործել: Այստեղ է, որ մենք նույնպես պիտի կարողանանք արդարության ճանապարհներով քայլել, որպեսզի, այսպես ասած, վրեժխնդրության տրամաբանություն չգործի, այլ գործի օրինականության տրամաբանություն և ի վերջո արդարությունը հաստատվի, վերականգնվի ու պետության, ժողովրդի, հանրության շահերը լիարժեք վերականգնվեն: Ի վերջո սա կլինի ինստիտուցիոնալ արձանագրումն այն բանի, որ ընդհանրապես կոռուպցիոն գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում չունի որևէ հեռանկար և Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիայի վերականգնման համար որևէ հիմք, նախադրյալ ու հնարավորություն չկա:

Այս բոլոր գործառույթներում դատախազության դերն առանցքային է և ուրախ եմ, որ, այո, Գլխավոր դատախազը նշեց՝ հանրության շրջանում մենք տեսնում ենք վերաբերմունքի որոշակի փոփոխություն և կարծում եմ՝ դատախազությունը, իրավապահ համակարգը և դատարաններն ի վերջո պիտի հանրության շրջանում ընկալվեն որպես ինստիտուտներ, որոնք պաշտպանում են մարդուն, որոնք պաշտպանում են իրավունքը, որոնք պաշտպանում են պետությունը, որոնք պաշտպանում են իրավակարգը և որոնք ասոցացվում են, նույնականացվում են արդարության ու արդարադատության հետ:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շատ կարևոր աշխատանք է կատարվել, իհարկե, ինչպես մեր, ինչպես իմ, այնպես էլ ձեր աշխատանքն անթերի չէ և սա ամենակարևոր արձանագրումն է բոլորիս համար, որպեսզի հետագա առաջընթացի համար ունենանք շարժառիթ և գիտակցում՝ արձանագրելով, որ մեզանից յուրաքանչյուրի անհատական ու ինստիտուցիոնալ աշխատանքի որակի շարունակական բարձրացումն այն առանցքային նպատակն է, որը միասին պետք է իրագործենք, այն առանցքային պարտավորությունն է, որն ունենք մեր ժողովրդի, մեր նահատակների առաջ: Նրանց առաջ ունեցած մեր ամենակարևոր պարտավորությունն ուժեղ, մրցունակ, արդար, հզոր, զարգացող պետություն ստեղծելն է: Եվ դատախազությունն այս ընթացքում պետությունը պաշտպանելու իր գործառույթը կատարել է և ես համոզված եմ, որ այդ գործառույթի կատարման որակի շարունակական բարձրացումը կարևորագույն խնդիր է, որի լուծումն անպայման տեղի կունենա մեր համատեղ աշխատանքի արդյունքում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ այս տոնական օրն իրենց համար լոկ համակարգի լինելիության և դրա մասը կազմելու գերատեսչական հպարտության հավաստիք չէ: «Այս օրը մեր համակարգի հարուստ տարեգրության էջանշում է, որի համար միասին դրել ենք մեր բոլոր կարողությունները, մասնագիտական ու մարդկային ներուժը, էներգիան՝ առջևում ունենալով մեր պետականության իրավահենության, ներքին իրավական անվտանգության ապահովման, իրավունքի և օրենքի գերակայության, այդպիսով՝ իրավական պետության կառուցման տեսլականը»:

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ընտրություններին վերաբերող բազմաթիվ դրվագներ սպասում են իրավական գնահատականների: «Վստահ եմ, սակայն, որ այս փուլը ևս արժանապատվորեն անցնելու ենք, որովհետև նշածս հավատամքի կրողը ամբողջական դատախազական համակարգն է՝ իր դրսևորած բացառիկ կայունությամբ, պահի լրջության, ընտրությունների պատմական կարևորության և դրանցից ածանցվող՝ իր դերակատարության նշանակալիության խորքային ընկալմամբ:

Մենք ջանք չենք խնայելու մեր՝ ինչպես ավանդական գործառույթների իրականացման որակի ու բովանդակության ամենօրյա զարգացման, այնպես էլ հատկապես բոլորովին վերջերս ստանձնած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ որպես մեր երկրում սոցիալական արդարության վերականգնմանը միտված բացառիկ առաքելության նկատմամբ մեր հանրության սպասումներն արդարացնելու ուղղությամբ»,- ասել է Արթուր Դավթյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել՝ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին, Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանին և Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանին:

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին է ներկայացրել միջնորդություն՝ Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Աֆանդյանին, Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանին և Գլխավոր դատախազի տեղակալ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սրբուհի Գալյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու վերաբերյալ:

--00--ԿԿ