Աշնանը քաղաքական նոր ճակատամարտեր են սպասվում․ ՏԻՄ ընտրություններ կլինեն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

տիմ

«Հրապարակը» գրում է․ «Աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում 494 համայնքում, 62 համայնքում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ, 149 համայնքում՝ ավագանու անդամի: Իսկ 283 համայնքում կլինեն ե՛ւ համայնքի ղեկավարի, ե՛ւ ավագանու անդամի ընտրություններ: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է, որ կձևավորվի մոտ 1 100 ընտրատեղամաս, համեմատության համար նշենք, որ Հայաստանում կա մոտ 2 հազար ընտրատեղամաս։ Խնդիրն այն է, որ նախ կորոնավիրուսով, ապա նաև պատերազմով պայմանավորված՝ Հայաստանում մոտ երկու տարի ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ վերջին անգամ համայնքի ղեկավարի ընտրություն անցկացվել է 2020 թվականի մարտի 3-ին։ Բազմաթիվ այլ համայնքներ, որտեղ կա՛մ լրացել է համայնքի ղեկավարների լիազորությունների ժամկետը, կա՛մ նրանք հրաժարական են տվել ժամկետից շուտ, բավական երկար ժամանակ է, որ ընտրովի պաշտոնները թափուր են, կամ էլ իշխանությունը ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել՝ ամիսներ առաջ մի հակասահմանադրական օրենք ընդունելով։

Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի փետրվարի 15-ին, այս տարվա փետրվարին լրացել են այդ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների լիազորությունները: Իսկ Իջևանում 2019 թվականի սեպտեմբերի 14-ից քաղաքապետի գործառույթները կատարում էր Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը, ում ընտրություններից առաջ Փաշինյանը մարզպետ նշանակեց՝ քաղաքապետի հաստիքը թողնելով թափուր։ Եվ 2019-ից սկսած՝ Իջևանում ընտրություններ չեն նշանակվել, ինչը օրենքի կոպիտ խախտում է։ Լրացել է նաև Թալին, Սպիտակ և այլ համայնքների ղեկավարների լիազորությունների ժամկետը: 

ՏԻՄ ընտրությունների մի մասը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, մյուս մասը՝ հոկտեմբերի 17-ին։ Ընդդիմադիր շրջանակներում դեռևս բուռն նախընտրական գործընթացներ չկան, բայց թե՛ «Հայաստան» դաշինքի, թե՛ «Պատիվ ունեմ»-ի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ բաց չեն թողնելու իշխանությունը տեղերում վերցնելու այս հնարավորությունը և ՍԴ -ում ընտրությունների արդյունքները վիճարկելուց հետո նախապատրաստվելու են ՏԻՄ ընտրություններին, գոնե խոշոր քաղաքներում ունենալու են թեկնածուներ։

Հիշեցնենք, որ բոլոր քաղաքներում ավագանու և քաղաքապետի ընտրություններն այժմ կայանալու են համամասնական եղանակով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով, ինչպես ԱԺ ընտրություններն են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԼՄ