Նիկոլի հետհաշվարկի մեկնարկը տրված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

նկար
«Գամսախուրդիայի գործունեությունը փաստացի կայանում է ապակառուցողականության մեջ, և այն փորձ է խարխլել ժողովրդավարական բարեփոխումները: Ես նկատում եմ  համակարգի նպատակների և ընդդիմության որոշակի հատվածի շահերի համընկնում: Ապակայունացնելով իրավիճակը՝ Գամսախուրդիան, իր շահերից ելնելով, օգտագործում է սանձարձակ կրքեր, կլանում է այն, ինչ կա օդում, սակայն նա քաղաքական գործիչ չէ: Նրան սնուցում են ազատություն ստացած կրքերը»:

Վրաց փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլի 

 

Եվ ուրեմն, Նիկոլը երեք տարվա մեջ երկրորդ արտահերթ ընտրությունն իրականացրեց` իր հետևից պահպանելով վարչապետի աթոռը և կրկին վերարտադրվելով։ Արձանագրենք. ազգը պարտվեց ժողովրդին, ամբոխավարությունը հաջողության հասավ պետականության նկատմամբ, հետապատերազմյան ճգնաժամը լուծարվեց։ Մենք բախվեցինք մի իրականության, որում նախընտրությունը տրվեց պարտությանն ու նվաստացմանը, գերադասվեց ծնկած գոյությունը։ Իրատեսությունն ու ոգեղենությունը վերադարձ չապրեցին, և ընտրողը՝ որպես քաղաքացի, իրեն չարդարացրեց։ 

Տեղի ունեցածը շոկի մեջ է նետել և հուսահատության սահմանին է հասցրել նրանցից շատերին, ովքեր 2018թ. իշխանափոխությունից հետո կատաղի պայքար էին մղում Նիկոլի դեմ, սակայն այս ընտրությունների արդյունքում ջախջախվածի վիճակում հայտնվեցին։ 
Եվ խնդիրը բացարձակապես նրանում չէ, որ Քոչարյանը պետք է առաջին տեղով անցներ` ուղիղ հակառակը, բայց և հարցը մեծ լրջություն ունի։ 

Նիկոլի քաղաքական էությունը հակապետական է և անհամակարգային, անգաղափար ու անարժեք, նա իր գոյությունը ապահովում է թուլության մեջ լինելով ու խղճահարություն առաջացնելով, գլխավոր գործիքը բաղադրությամբ կեղծ մանիպուլիացիան է` ուղղված զանգվածների բնազդներին։ Նրա մասսայական խոսքը սկսվում ու վերջանում է «ժողովուրդ ջան» էժան ոճով։

Փաշինյանական երեքամյա կառավարումը ամեն ինչ ձախողել ու տապալել է՝ վրադիր էլ արյան մեծ գնով հանձնել է Արցախը, խորտակել բանակը, Հայաստանի վզին փաթաթել կապիտուլիացիան և կորցրել է բոլոր դիվանագիտական թելերը։ 

Այնուամենայնիվ, պառլամենտական արտահերթ այս ընտրություններում պոպուլիստ ու կապիտուլյանտ ղեկավարի հաջողությունը անակնկալ համոզիչ էր։ 

Սա չի կարող միայն պայմանավորված լինել Նիկոլի այն քիչ հատկություններով, որ նա ունի` իրավիճակում արագ կողմնորոշվել, ասֆալտի վրա ճիշտ աշխատել, միտինգային ու փողոցային հռետորաբանություն։ Այսքանը բավարար չէ, և ասվածի հետ միասին պետք է նշել, որ Փաշինյանը խիստ ոչ կոմպրոմիսային ֆիգուր է ու բարոյական չափանիշներն անընդհատ ոտնահարող տեսակ, անհավասարակշիռ մարդ։ Աղմուկը նրա բնորոշիչն է։ 

Փաշինյանի իշխանությունը չի հենվում ոչ վախի, ոչ հեղինակության, ոչ էլ գաղափարի վրա` միայն պոպուլիզմի, որը, միգուցե, նախկինների նկատմամբ եղած ատելության ֆոնին և խաղաղ պայմաններում երաշխավորեր մեկ ընտրության ժամկետի մեջ իշխանության մնալը, բայց այսպիսի արհավիրքների դեպքում տրամաբանական չէ։ 

Նիկոլը, ով ընդհանուր առմամբ DJ է` ոչ թե ստրատեգ, չէր կարող այս օպերացիաներն իր իսկ մտքով ու կամքով կյանքի կոչեր։ Նրա խնդիրը գործողությունները ընթացքի մեջ դնելն է և շուխուռ քցելը, որպեսզի աղմուկով ուշադրությունն իր վրա քաշի, և չերևա պրոցեսի բուն իմաստը։ 

Եվ այսպես. 2018 թ. ամռանը իրավապահների պահանջով հունական հանգստից Հայաստան է վերադառնում Ռոբերտ Քոչարյանը և անմիջապես ձերբակալվում։ Նրա կալանքը ընդհատումներ է ունենում,  դատավարությունը լղոզված ընթացք է ստանում, որի ժամանակ Նիկոլն ու թիմը մոլեռանդ կոմիկ դրվագներով (Հրայրի գրիչը)  պայքար են սկսում գլխավոր դատավոր  Թովմասյանի ու ՍԴ մյուս անդամների նկատմամբ, դատաիրավական համակարգի դեմ, ցրում ու հավաքում են յուր Սահմանադրական համայնքը, որն էլ լիովին արդարացնում է Քոչարյանին։ 

Սա համալրում է նիկոլիստական կառավարման շրջանի աբսուրդներից բաղկացած հարուստ շարքը։ 

Երկրորդ նախագահը հենց սկզբից քաղաքական պայքարի հայտ է ներկայացնում, առաջ է քաշում «Կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափը և սկսում է ճամբար հավաքել` նորից ոչ թե սեփական կուսակցությունը ստեղծելու ճանապարհով, այլ իր ազդեցության տակ քաշելով տարբեր անձերի ու միավորների։ Ի վերջո, Քոչարյանը ստանում է Դաշնակցությանը, նախկինում կասեցված մի կազմակերպություն, որը նրա շնորհիվ ՀՀ֊ում վերականգնվեց և ում բանտարկված անդամները ազատ արձակվեցին 1998թ. ոչ թե արդարացման հիմքով, այլ` իրավիճակի փոփոխության (պաշտոնապես), Սյունիքի նախկին մարզպետին և մարզի գործող համայնքապետերի մեծ մասին, ինչպես նաև առանձին անձանց։ 

Սակայն մինչև «Հայաստան» դաշինքի սահմանագծվելը և դեռևս մինչ պատերազմը Քոչարյանը հայտ է ներկայացնում Նիկոլին իշխանազրկողի գլխավոր դերակատարը ու ընդդիմադիր դաշտի թիվ մեկ լիդերը լինելու համար։ Սերժ Սարգսյանը բացահայտորեն չի առարկում այս նկրտումներին, բայց իշխանական նախկին գլխավոր դաշնակիցների միջև չկա ուղիղ մեկ մեկու աջակցելու որևէ արտահայտություն։ 

Հանրության կողմից այդպես էլ խորապես չընկալված պարտված պատերազմից հետո սկսվում են գույնզգույն 17 + կոչվող ընդիմադիր միավորի թույլ, տակտիկապես տկար, անհոդաբաշխ գործողությունները, որոնք իսպառ վերացնում են զայրույթը բռունցք դարձնելու, հասարակությանը շփոթվածությունից հանելու և ապստամբության համար կազմակերպելու բոլոր շանսերը, Նիկոլին տալիս են բունկերից ֆիզիկապես դուրս գալու, շարքերը ամրացնելու և ամեն ինչ նախկինների վրա բարդելու քարոզչություն սկսելու ընտիր հնարավորություն։ 

Պահը բաց է թողնվում

Քաղաքական կուլիսներում մինչ օրս խոսվում է (ոչ անհիմն), որ պլյուս կոչված (բայց մինուսի դեր խաղացած) ընդդիմությունը Քոչարյանի պրոյեկտն էր։ 

Մեծ հաջողությունը կարծես մոտ էր, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբը` յուր պետի գլխավորությամբ, պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Սակայն ժամերի մեջ պարզ դարձավ, որ ցնծությունը անտեղի էր, և թվացյալ էր հաղթանակի իրականություն դառնալը, քանի որ ԳՇ պահանջը չէր տարբերվում օդերևութաբանների պահանջից և մնում էր միայն թղթի վրա։ 

Նիկոլը առաջարկում է արտահերթ համապետական ընտրությունների գնալ, և քաղաքական հանրությունը սա ընկալում է որպես թուլության ու նահանջի դրսևորում, իսկ չկայացած «17 +»  ֆորմատը այն ներկայացնում է որպես հաջողություն և դա վերագրում իրեն։ 

Սա խայծ էր

Ընտրություններին մասնակցելուն դեմ են արտահայտվում թե՛ Լևոն Տեր֊Պետրոսյանը, թե՛ Սերժ Սարգսյանը (առանցքային) և նաև Վազգեն Մանուկյանը` բերելով բազմաթիվ փաստարկներ։ Խոշոր դեմքերից միայն Ռոբերտ Քոչարյանն է, որ համաձայնվում է գնալ ընտրարշավի։ 

Այս ամենին հաջորդում է նախագահ Տեր֊Պետրոսյանի առաջարկը ուղղված Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին` միասին ճակատ կազմելու և հայտարարել, որ գլխավոր խնդիրը Նիկոլին տապալելն է, որից հետո իրենցից ոչ մեկը չի զբաղեցնելու բարձրագույն քաղաքական պաշտոն։ Քոչարյանը տապալում է այս նախաձեռնությունը՛ դրանից առաջ մերժելով Սերժի չմասնակցելու պնդումը։ 

Պետք է նշել, որ Տեր֊Պետրոսյանը գեղեցիկ խաղաց ու բարձր հմտությամբ խաղարկեց այս կոմբինացիան։ Պրեզիդենտական եռանկյունու մեջ նա եղավ գաղափարական քայլ անողը, ով առաջ քաշեց հարթակի մի նախագիծ, որը շարժման վերաճելու պոտենցիալ ուներ, հենց սկզբից իսկ կդառնար հարվածային լուրջ ուժ, կկապեր առաջնորդներին ու մասնակիցներին համերաշխության գոտիով, կունենար բարոյական մեծ բաղադրիչ և կլիներ հանուն պետության փրկության ու անհատական նկրտումների պայքար֊զոհաբերություն։ Անհաջողության դեպքում մերժումը մերժողին դնելու էր քաղաքական ճնշման տակ և պատմական բացասական ընկալման մեջ։ 

Մինչդեռ Լևոն Տեր֊Պետրոսյանը հաշվարկը անվրեպ դուրս եկավ 

Կանխատեսելով հավանական մերժումը` հատկապես Քոչարյանի կողմից, առաջին պրեզիդենտը իրեն դրեց առավել քան շահեկան վիճակում և այս փաստը Ռոբերտի դեմ օգտագործելու անդադար ու մեծ հնարավորություն ստացավ։ Նույնը՝ Սերժ Սարգսյանի հետ կապված, ով կարող է խաղարկել իր չմասնակցելու առաջարկի խաղաքարտը։ 

Պահը բաց է թողնվում երկրորդ անգամ

Այս ընթացքում Նիկոլին պետք էր ստանալ ԼՀԿ- ի ու ԲՀԿ -ի որպես պառլամենտական ֆրակցիաներ համաձայնությունը նոր ընտրություններ անցկացնելու հետ կապված, ինչը նրանք մի փոքր կոտրատվելուց հետո սիրահոժար տալիս են։ 

Քոչարյանը, ով առաջ էր քաշել «Կոնսենսուս մինուս մեկ» մոտեցումը, կարծես թե հասնում է դրան, երբ քաղաքական, հասարակական և համակարգային գրեթե բոլոր ծանրակշիռ ուժերը, միավորները արտահայտվում են Նիկոլի հրաժարականի պահանջով, բայց սա թմրեցնող թվացյալություն էր։ 

Համաձայնելով մասնակցել արտահերթ ընտրություններին՝ Ռոբերտ Քոչարյանը ներքաշվեց Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ։ Փոխարենը պետք էր փոխել Վազգեն Մանուկյանին ու ցրել թափթփված ընդիմադիր 17 ֆորմատը, նոր խաղացողներ դուրս հանել ասֆալտի վրա և վերափոխել փողոցային պայքարի տակտիկան, հրապարակներում հասնել փաշիստական վարչակազմի փլուզմանը։ 

Այստեղ նաև մեծ դեր ունի հոգեբանական գործոնը

Քոչարյանը չափից ավելի ինքն իր վրա սևեռված գործիչ է` եսակենտրոն, և հավանական է, որ նա մտածել է (կամ գուցե սխալ են զեկուցել` միտունավոր կամ ապիկարության պատճառով), որ Նիկոլը չունի ընտրություններում մեծամասնության շեմին մոտենալու ոչ վարկանիշ, ոչ
ձայների քանակ, և կարելի այս շանսը օգտագործել օրինական ճանապարհով վերադառնալու և ոչ լեգիտիմության մասին նախկինից եկած բոլոր խոսակցությունները մաքրելու համար։ Հավանաբար հաշվարկվել է, որ պառլամենտ անցնող բոլոր միավորները՝ բացի ՔՊ֊ից, կմիանան իրեն` Քոչարյանին, և այդպես Նիկոլին կսեղմեն պատին։ Կամ հավաքած ձայների մոտ լինելը կոգևորի քաղաքացիներին ընդդեմ Փաշինյանի, ինչպես նաև ուժայիններին։ Եվ վերջապես` վերջին տեղում, կարող է տեղ է գտել այն միտքը, թե իշխանության չգալու դեպքում կարելի է ամրապնդվել Ազգային ժողովում ֆրակցիայով և շարունակել պայքարը նաև ԱԺ շենքից դուրս։ Հունիսի 20֊ի ընտրության արդյունքները հօդս ցնդեցրին այս բոլոր տարբերակները։ 

Քոչարյանի բավականին պրոֆեսիոնալ և լավ կազմակերպված քարոզարշավը ավելի ազդեցիկ էին դարձնում մեդիաները, քան այն իրականում` գետնի վրա կար։ Սա որոշ չափով կարող է շեղող, զգոնությունը իջեցնող է դեր է կատարել։ 

Երկրորդ նախագահը իր գործունեության ողջ ընթացքում ստացավ ամենամեծ հիասթափությունն և շոշափելի պարտությունը։ Քոչարյանը քաղաքական իր կարիերան կառուցել է սեփական անվախության, տրամաբանության ու կամքի վրա` մեծ հաջողություններ է ունեցել, բայց այդ ամբողջ ընթացքում մի զորեղ ուժ նրան օգնել է։ Ղարաբաղում նրան զորակցում էին Հայաստանի իշխանությունները, Հայաստանում` աջակցությունը դրսից էր գալիս։ Այս անգամ նա փորձեց ներքևից վերև բարձրանալ (մինչ այդ միշտ խաղացել, գործել է վերևում) և, ինչպես ցույց տվեց ընտրությունից հետո ստացված կոնֆուգուրացիան, գնացել է վա-բանկ։ Արդյունքը` գլխովին, շարունակելու որևէ էական շանս չթողնող  պարտություն։ 
Նա աջակցություն էր ստանում որպես մեկը, ով վստահորեն կարող էր վերցնել իշխանությունը և խստորեն պատժել փաշիստների վարչախմբին։ Այս մոտեցումը վիժեց։  

Քոչարյանի պարտիան ասյքանով ավարտված է (դավադրությունների տեսությունը չբացառենք)։ Ինչո՞ւ, որովհետև անկասկած հաղթելու ու նիկոլիզմը վերացնելու վստահ խոստումից հետո այժմ Քոչարյանը շարունակելու պլան չունի։ Նրա ֆրակցիան բացի վիճելուց  ոչինչի հնարավորություն չունի, իսկ փողոցում Քոչարյանը հիմա գործընթացներ չի կարող զարգացնել և հասնել «մասսայի ու մոմենտի», ապագայի հետ կապված էլ նրա դերակատարումը մեծ չի կարող լինել, քանի որ ողջ ուժերը կենտրոնացրեց և չհասավ հաջողության, թելադրող դիրքը կորցրեց։ 

Սա իր պահն էր, որը չվերաճեց նրա ժամանակի 

Արդյունքում, ընտրություններին մասնակցելով և պարտվելով՝  երկրորդ նախագահ գործող վարչապետին հնարավորություն տվեց լեգիտիմ վերարտադրության և արցախյան պատերազմի պարտության լեգիտիմացման։ Ռոբերտ Քոչարյանը կանգեց մի փաստի  առաջ, որը սրընթացորեն նրան տանում է դեպի շարքային ընդիմադիր լինելու կարգավիճակին։ 
Իհարկե, իմանալով Քոչարյանի ուժեղ հատկություններն ու բնավորությունը, նա պայքարը կշարունակի և կարող է անակնկալ մատուցել, բայց դա արդեն ֆորսմաժորների դաշտից է և հիմա անտեսանելի։ 

Փաշինյանի մասին 

Նիկոլը խորքային չէ և երկարատև հաշվարկի, խաղի կառուցման ունակ չէ, նա ձևով ու էությամբ քաղաքական մանր ձևաչափի տեսակ է։ Փաշինյանը սիտուատիվ գործիչ է։ 
Նա մարզիչ չէ, այլ խաղացող, ռեժիսոր չէ, այլ դերակատար և որպեսզի հասկանանք, թե ինչու՞ այսպես եղավ, պետք է պատասխանենք մի հարցի. Հայաստանում կա՞ «խորքային պետություն», և եթե կա, երբ է այն հաստատվել ու ո՞վ է նրա վերահսկողը։ 

Պետական մեխանիզմը՝ անտեսանելի ձևով, հաջողության է հասնում «խորքային պետության» գործունեության դեպքում, երբ դերակատարները չեն երևում և խաղում են բացահայտ պատասխանատուների մեջքի ետևում, վարագույրից այն կողմ առաջ են տանում անտեսանելին։ 

Անկախ նրանից, որ կանխատեսումը այսօր առավել քան անշնորհակալ գործ է, բայց խոսենք երկու բանի մասին. ավարտված համապետական այս ընտրությունները միջանկյալ բնույթ են ունենալու, և Նիկոլի հետհաշվարկը սկսված է։ 

Փաշինյանական վարչակազմը որևէ լավ, նոր ու օգտակար բանի ընդունակ չէ։ Հիմա նրանք ավելի են մեծամտանալու ու սխալները շատացնելու` մանավանդ, որ իրենց դեմ գործողները այս պահին մեծ ակտիվություն չեն կարող ցուցաբերել, որը և զգոն լինելու, և զսպվածություն պահպանելու պատճառներ էին, ինչպես նաև մանիպուլացնելու հնարավորություն։ Թուլանալու են, որ լարվածությունից հետո հաճույք ստանան։ 

Շարունակության մեջ ընդիմադիր օրակարգը պետք ստեղծվի ու զարգանա փողոցում, հաստատվի հրապարակում ու դառնա թելադրող, վարչակազմին պարտադրի իր ընթացքը։ 
Իհարկե, ճիշտ կլինի պայքարը սկսել ու հաջողության հասնել Սահմանադրության փոփոխության հնարավոր նախաձեռնության շրջանակներում՝ անցում դեպի կիսա նախագահական համակարգին, և հաղթանակի հասնել պրեզիդենտական ընտրություններում, բայց սա այժմ  զանգվածականություն չի ապահովի, բայց պարտադիր պայման է։ 

Պետք է Փաշինյանի ու նիկոլիզմի դեմ պայքարը շարունակել մտածված և ամբողջ ուժով, ճկուն ու աննահանջ,  որովհետև ընտրության արդյունքը Նիկոլի և իր թիմի վրայից չի հանում ազգակործան պատուհասի,  կապիտուլյանտ կործանարարի արդարացի բնութագրումները, որոնք պետք է դատավճռի վերածվեն։ 

Մենք պետք է վերադառնանք 1988 թ. Շարժման գաղափարներին, հայ քաղաքական նոր մտքին, ձգտենք հասնելու Վազգեն Սարգսյանի ոգեղենությանն ու նրա ծրագրի իրականացմանը։ Հայաստանը անշրջելիորեն իր անկախությունը պիտի ամրագրի, և պետությունը նպատակները հստակեցնի։ Առանց դերակատարության՝ յուրաքանչյուր ազգ դատապարտված է կուշտ ու ապուշ գոյության։ 

Ռուբեն Վարդանյան 
Պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ