Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց․ փաստաբան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

Չարչյան

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց։ Այս մասին, լրագրողների հետ զրույցում, ասաց Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Պաշտպանության կողմը ներկայացրեց վերաքննիչ բողոքը, արդյունավետ քննարկում տեղի ունեցավ։ Շատ ծավալուն քննարկում տեղի ունեցավ և վերահաստատեցինք մեր դիրքորոշումն առ այն, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Արմեն Չարչյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքի հետ»,-նշեց նա։

Փաստաբանը հայտնեց, որ պաշտպանության կողմը դրա հիմքում դրել է այն փաստարկը, որ չպետք է առաջին ատյանի դատարանը քննարկման առարկա դարձներ և հիմք ընդուներ քննիչի կողմից ներկայացված մոնտաժած ձայնագրությունը։

«Միգուցե առաջին հայացքից դա ինչ-որ հարկադրանքի տարրեր պարունակում է, սակայն պաշտպանության կողմին տրամադրված տեսաձայնագրության մեջ, մասնավորապես Արմեն Չարչյանի խոսքի վերջաբանում հստակ երևում է, որ նա իր աշխատակիցներին ասում է՝ անկախ նրանից ընտրություններին կմասնակցեք, թե ոչ որևէ ռեպրեսիա, որևէ բացասական հետևանք չի լինի»,-հավելեց Ալեքսանյանը։

--00--ԱՀ