Շիրակի մարզում բողոքները չեն դադարում․ քիչ առաջ փակեցին Երևան-Գյումրի մայրուղին․ «Առավոտ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

Շիրակ

Շիրակի մարզի Բենիամին համայնքի «Կարկաչան» ռեստորանի մոտ դարձյալ բողոքի ցույց է։ Քիչ առաջ՝ Բենիամինի, Ազատանի, Գետքի բնակիչները դարձյալ փակեցին Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ կառավարությունից պահանջելով կամ շտապել՝ անհապաղ ոռոգման ջրով ապահովել կամ փոխհատուցում տալ իրենց։ 

Նրանք պնդում են, որ նախորդ շաբաթվա բողոքի ցույցից հետո խնդիրը լուծում չի գտել, իրենց պահանջը չի բավարարվել։

 Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մեր հաշվարկներով՝ նվազագույնը՝ 1000 հեկտարի չափով կարտոֆիլ Ազատանում, Արևիկում, Այգաբացում, Մեղրաշենում փչանալու է, այրվում են։ Ժողովրդի նպատակը մեկն է, ասում են՝ լավ, եթե չեք կարող Կառնուտի ջրամբարը լցնել, գոնե ցանքատարածությունների մի հատվածը փրկեք, մյուս տեղերում էլ փոխհատուցում տվեք։ Այդպես չէ, որ մեկ կամ երկու-երեք ոռոգումով հնարավոր է նորմալ բերք ստանալ, պիտի ստանան խոզի կեր: Իմաստ չունի ժողովուրդը նորից ծախսեր անի, մշակման աշխատանքներ տանի, ջրի փող տա, բանվորի փող տա ու քանդի այս կարտոֆիլը։ Խոզի կերը քանդենք, ի՞նչ անենք, տանենք, ո՞ւմ տանք»։

 Նա ասաց, որ որևէ ձևով չեն պատկերացնում այս հարցի լուծումը, քանի որ ջուրը շուտ պետք է բերեին՝ նախքան ոռոգման սեզոնի սկսվելը։ Ըստ նրա, այսօր Ազատանում ընդամենը մեկ վայրկյանում 200 լիտր ջուր է մտնում, այն դեպքում, երբ գյուղատնտեսական պիկ սեզոնին 1,2-1,5 խորանարդ մետրն է բավարար, որպեսզի կարողանան ծայրամասերն էլ հասցնեն։

Որոշակի քանակությամբ ջուր բաց են թողել Մանթաշի ջրամբարից, սակայն մի խուճապ էլ այդ գյուղում ու Փանիկում է սկսվել։

«Հիմա Մանթաշի ջրամբարից ջուր են բացել, որպեսզի Բենիամինն ու Ազատանի ծայրամասը ջրով ապահովեն, մանթաշցիներն են ոտքի ելել, իրենց մոտ էլ նորմալ ջուր չկա։ Չես մեղադրի մարդկանց, Մանթաշի ջրամբարը նաև խմելու նպատակով է ծառայում, մարդիկ էլ մտավախություն ունեն, որ եթե ոռոգման նպատակով մեզ հատկացվի, խմելու ջուրն էլ կպակասի, եթե խմելու ջուր էլ չունեցան, ի՞նչ պիտի լինի»։

Ազատանի համայնքապետը տեղեկացրեց, որ Կառնուտի ջրամբարի տակ գտնվող գյուղերի համայնքապետերն ու վարչական ղեկավարները պայմանավորվել էին վաղը մեկնել մայրաքաղաք՝ ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ հանդիպման, սակայն մարզպետ Հովհաննես Հարությունյանը փոխանցել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ինքը վաղը կգա Շիրակի մարզ, մեկ շաբաթ կմնա ու տեղում կկարգավորի խնդիրը։

--00—ՄՀ