«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը օժանդակելու համար մեղադրվողն արդարացվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

օրենքով գող

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունն օժանդակելու համար մեղադրվող Արմեն Ղարիբյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Արդարացման դատական ակտը կայացվել է օրեր առաջ՝ Երեւան  քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

«Օրենքով գողը» սպանվել էր 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ուշ երեկոյան, իր տան բակում։ Ոստիկանությունը տարածել էր սպանության կադրերը, որտեղ երեւում է, որ դեպքի ժամանակ Մասիվցի Անդիկը նարդի խաղալիս է եղել։ Տաղավարում նրա հետ միասին գտնվել են եւս երեք հոգի, երբ սեւ հագուստով մի տղամարդ մոտեցել ու սկսել է կրակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ եւ փամփուշտ։ «Օրենքով գողին» պատճառվել էր 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին:

Սպանությունից երկու տարի անց, պատվիրատուն հայտնաբերված չէ, իսկ կատարողն էլ, որն ըստ մեղադրանքի ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա Սուլեյման Միիեւն է, գտնվում է հետախուզման մեջ: Այն, որ սպանությունը պատվիրված էր՝ հայտարարել էր նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «կա պատվեր, կա կատարող: Շուտով մենք հանրությանը կներկայանցնեք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները»,- ասել էր ոստիկանապետը՝ այդպես էլ չներկայացնելով այս գործով իրենց «հաջողությունները»:

Ամբաստանյալ Արմեն Ղարիբյանը ըստ մեղադրանքի՝ օժանդակել է սպանությունը կատարող Սուլեյման Միիևին: Նա, սակայն, առաջարդված մեղադրանքը չի ընդունում: Ոստիկանության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ սպանության կատարման մեջ կասկածվող Սուլեյմանը 2019 թվականի մայիսին մեկ շաբաթով եղել էր Հայաստանում: Այդ ընթացքում Հայաստանում էր եղել նաև սպանությանն օժանակելու մեջ կասկածվող անձը՝ Արմեն Ղարիբյանը: Նրանք մի քանի անգամ հանդիպել էին: Ապա 1 օրվա տարբերությամբ նրանք վերադարձել էին ՌԴ: Հունիսին՝ մի քանի օրվա տարբերությամբ, նրանք կրկին եկել էին Հայաստան, որից օրեր անց տեղի էր ունեցել Մասիվցի Անդիկի սպանությունը: Սպանությունից հետո՝ ժամերի տարբերությամբ, երկուսն էլ լքել էին Հայաստանը: Արմեն Ղարիբյանը ՌԴ-ից Հայաստան էր վերադարձել 2019 թվականի օգոստոսի 20-ին, հաջորդ օրը ձերբակալվել, ապա կալանավորվել:

Նրա պաշտպան Արսեն Սարդարյանը մեր զրույցում պնդեց՝ մեղադրանքի հիմքում երկու ապացույց է դրվել՝ մեկը Ղարիբյանի եւ Սուլեյմանի հեռախոսազրույցը, մյուսն էլ ԶԼՄ հրապարակումներից մեկը: «Մեղադրանքի հիմքում դրված ապացույցը մի հեռախոսազանգի հանգամանք էր, ըստ որի՝ իմ պաշտպանյալի եւ սպանության կատարման մեջ կասկածվող անձի միջեւ եղել են փոխադարձ զանգեր, որի բովանդակությունը առկա չէր: Գործով նույնիսկ հիմնավորված չէր, որ այդ հեռախոսը իմ պաշտպանյալի հեռախոսն է: Երկորդ՝ նույնիսկ եթե Ղարիբյանի հեռախոսն է, ինչպե՞ս կարելի է զուտ կապի հանգամանքը համարել հիմք, որ անձը սպանության օժանդակության համար տեղեկատվություն է տրամադրել: Մտացածին մեղադրանք էր՝ հիմնված ենթադրությունների վրա: Բացի դա՝ գործով հետաքրքիր բան կար: Լրատվամիջոցներից մեկը հրապարակում էր արել, որ Ղարիբյանի օժանդակությամբ կատարվել է  սպանությունը եւ այդ հրապարակումը ճանաչել էին ապացույց՝ առանց ճշտելու ինչ աղբյուրի հիման վրա է այն գրվել: Մեր դատախազությունը ուղղակի «փայլել» էր, ինչի եմ ասում դատախազությունը, որովհետեւ մեղադրական եզրակացությունը հաստատել էր դատախազությունը»,- մանրամասնեց պաշտպանը: Մեր հարցին՝ իր պաշտպանյալն ի՞նչ հարաբերություններ է ունեցել սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Սուլեյմանի հետ, պաշտպանը պատասխանեց՝ քանի որ Արմեն Ղարիբյանը ըստ էության ցուցմունք չի տվել, ինքն իրավասու չէ պատասխանել այդ հարցին: Հարցին՝ գործում երեւո՞ւմ էր սպանության պատվիրատուի անունը, Սարդարյանը ասաց. «Կատարողի՝ Սուլեյմանի վերաբերյալ որոշակի ապացուցողական բազա մենք տեսել ենք, չեմ կարծում կարար ինքը նաեւ պատվիրատու լիներ: Մենք սկզբունքորեն այդ մասով չենք խորացել»: Արսեն Սարդարյանի խոսքով՝ իր պաշտպանյալը դատարանում ցուցմունք չի տվել, միայն վերջին խոսքում հայտարարել է իր անմեղության մասին եւ խնդրել արդարադատություն իրականացնել:

Նշենք, որ մեղադրող դատախազը դատարանից խնդրել էր մեղավոր ճանաչել Արմեն Ղարիբյանին առաջադված մեղադրանքում եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման:

  --00—ՄՀ