Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան․ Գոռ Աբահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

Չարչյան

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից այդ բուժհաստատության աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն առերևույթ պարտադրելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Չարչյանի, այսօր ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր 2021թ հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Նախաքննության ընթացքում վերոնշյալ արարքները կատարելու համար նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության ցուցակում ընդգրկված Ա. Չարչյանին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ մեկ ամսով:

Մինչ այդ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով դիմել էր ՀՀ ԿԸՀ՝ Ա. Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններով, որոնք ՀՀ ԿԸՀ-ն բավարարել էր»,- մանրամասնել է Աբրահամյանը:

--00—ՄՀ