Վարչապետը՝ մուրճը ձեռքին, գնում էր գյուղեր, ասում՝ գլուխները ջարդելու ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

ՍԴ նիստի ժամանակ պաշտպան Արամ Վարդևանյանն անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քարոզչության ձևին և բովանդակությանը, որը, ըստ նրա, կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա:

«Եթե մենք գտնվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանում և տեսնում ենք՝ վարչապետի պաշտոնակատարը գնում է մարզային այցելությունների ժամանակ մուրճը ձեռքին՝ ասելով, որ չգիտեմ ինչ է անելու մարդկանց, մի հատ էլ ինչ տերմիններ է օգտագործում, թե մարդկանց հետ ինչպիսի գործողություններ պիտի անի, մի հատ էլ ասում է, որ վենդետաներ է անելու, գլուխներն է ջարդելու, ձեռքերն է կտրելու, ու էդ պայմաններում մի հատ էլ մարդկանց կանչում են ոստիկանության բաժանմունք»,-ասել է Արամ Վարդևանյանը:  

Հիշեցնենք՝ ՍԴ-ում շարունակվում է 4 քաղաքական ուժի՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Զարթոնք» դաշինքի դիմումի քննությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

--0--ԿԿ