Կրակոց՝ Երևանում. կասկածյալը «օրենքով գող» Եզդի Ճակոյի քրոջ որդին է, վիրավորն անչափահաս է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

կրակ

Հուլիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա, գրում է shamshyan.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ այդ պահին կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչը՝ 16-ամյա Լևոն Ա.-ն է։

Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ վիրավորը մինչև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխվելը, տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։00-ին, Լևոն Ա.-ն հրազենային վնասվածքները ստացել է Քանաքեռի գերեզմանոցում, և նշված արաքը կատարելու կասկածանքով Քանաքեռ-Զեյթոոնի ոստիկանները պարզում են կասկածյալի ինքնությունը։ Այնուհետև, ձեռնարկելով բացատրական աշխատանքներ, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայանում Երևանի բնակիչը՝ 29-ամյա Քյարամ Ամոյանը։ 

Հայտնաբերվել է նաև երկփողանի ողորկափաղ հրացանը։ Ըստ նախնական տեղեկության՝ Ք. Ամոյանը հայտնել է, որ Քանաքեռ-Զեյթունում հայտնի «14-ի կռուգ» կոչվող հատվածում իր ծանոթ Լևոն Ա.-ին հրացանը ցուցադրելու ժամանակ այն պայուսակից դուրս բերելու ընթացքում ձեռքը պատահաբար դիպել է ձգանին, ինչի հետևանքով անզգուշությամբ արձակված կրակոցի արդյունքում Լևոն Ա.-ն վնասվածք է ստացել։

Ըստ աղբյուրի՝ Ք. Ամոյանը «օրենքով գող» Եղդի Ճակոյի քրոջ որդին է։ 

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և դատաձգաբանական։  

--00—ԼՄ