Խախտումները բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 10,  24News

Արա Զոհրաբյան

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը պնդում է, որ իրենց արձանագրած խախտումները բավարար են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ՍԴ հուլիսի 10-ի նիստում:

Զոհրաբյանը նշեց, որ ՍԴ դատավորների հարց ու պատասխանից, նաև իրենց կողմից արձանագրված որոշ փաստերից իրենց մոտ անհանգստություն է առաջացել, որ գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության: «Առ այսօր «Զարթոնքը» չի ստացել մյուս երեք դիմողների դիմումները, որոնք քննարկվում են մեկ գործի շրջանակում»,-ասաց նա ու հավելեց, որ չեն քննարկվել և քվեարկության չեն դրվել կուսակցության ներկայացրած միջնորդությունները:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը վստահեցրեց, որ  որևէ միջնորդություն առանց քննարկման չի մնալու: «Եվ որևէ կողմ մյուսի համեմատ ավելի բարենպաստ վիճակում չի գտնվելու»,-վստահեցրեց ՍԴ նախագահը:

Զոհրաբյանը շարունակեց՝ պնդելով, որ ընտրություններն անցել են գերլարված մթնոլորտում՝ բոլոր կողմերից: «Ինչպես ասում են՝ բարձր աղմուկը խլացնում է ճշմարտության ձայնը: Հատկապես կարևորում ենք երկու փաստարկ, առաջինը՝ բռնության կոչ և հոգեբանական հարկադրանք: Նախընտրական քարոզչության ժամանակ մեր կուսակցությունը զբաղված էր իր քարոզչությամբ և արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս օգտագործում է տարբեր արտահայտություններ, որոնք կարող էին ընկալվել որպես բռնության կոչեր: Մենք, տեսնելով, որ մթնոլորտը գնալով շիկանում է, փորձեցինք այս խնդիրը բերել իրավական դաշտ, դիմեցինք ԿԸՀ-ին, հանձնաժողովը քննության առնելով մեր դիմումը որոշեց մերժել այն»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց, որ քաղաքական ուժը դիմել է նաև Վարչական դատարան:

Ըստ նրա՝ Փաշինյանի հայտարարությունները, խոսքերը ազդեցություն են գործել հասարակության վրա, առաջին հերթին՝ հանրային ծառայողների վրա: Նա շեշտեց նաև՝ Փաշինյանը չէ, որ պետք է ընտրությունների օրվա մասին հայտարարեր:

Զոհրաբյանը խոսեց նաև վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին: «Մինչև քարոզչությունը մեկնարկելը վարչապետի լիազորություններն իրականացնող Նիկոլ Փաշինյանը ծառայողական հանդիպումներ է ունեցել մարզերում, որը փաստացի քարոզչություն է եղել, և այդտեղ օգտագործել է վարչական ռեսուրսը: Այսինքն՝ նա գնացել է մարզերում հանդիպումների որպես վարչապետի պաշտոնակատար, բայց տեքստերից էլ ակնհայտ էր, որ նա սկսել է իրականացնել քարոզչություն: Եվ բնական է, որ այս առումով մեծ առավելություն է ձեռք բերել մյուս բոլոր կուսակցությունների նկատմամբ՝ առավել ևս նոր սկսող կուսակցությունների»,-ասաց կուսակցության ներկայացուցիչը:

Նա խնդրեց բարձր դատարանից, որ ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված ԿԸՀ-ի համապատասխան որոշումը և ընտրությունների արդյունքները ճանաչվեն անվավեր: «Մեր կարծիքով՝ այս խախտումները բավարար են, որպեսզի անվավեր ճանաչվի»,-ասաց նա:

ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

--00—ՄՀ