Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է դեսպանների՝ Շուշի այցելելու մասով ՀՀ ԱԳՆ-ի բողոքի նոտային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

նկար

Հայաստանն իրավունք չունի բողոքել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք ցանկացած այցի դեմ: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտան արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների՝ Շուշի այցի դեմ:

«Այդ քայլով ՀՀ ԱԳՆ-ն ցույց է տալիս, որ տվյալ երկիրը նախկինի պես միջազգային իրավունքի դեմ ուղղված դիրքորոշում է հայտնում: Շուշի այցեր եղել են և կլինեն, քաղաքի օրինական տերերը վերադառնում են իրենց տուն»,-ասել է Աբդուլաևան՝ հավելելով, որ «ՀՀ ԱԳՆ-ն պետք է մտածի, թե ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է բողոքում»:  

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Շուշի էին այցելել Ադրբեջանում գործող օտարերկրյա դեսպանները՝ բացի 5-ից։ 

«Դիվանագիտական ներկայացուցիչների ներգրավումը նմանօրինակ այցելություններին հակասում է Հայաստանի Հանրապետության և տվյալ երկրների միջև ձևավորված համագործակցության ոգուն, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը։ Այս տեսակետից Հայաստանը հաստատակամորեն կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են արդարացնել ուժի կիրառումը և դրանով իսկ խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,-նշվում է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունում։

--00—ԼՄ