Քննարկվել Է տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, քննարկվել են տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արմեն Սիմոնյանն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ բարեկամական հարաբերությունների առկա բարձր մակարդակը, որի մասին վկայում է նաև հուլիսի 9-ին միջպետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա, երկու երկրների ոլորտային նախարարների մասնակցությամբ «Բարեկամություն» կամրջի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։

Հանդիպման ընթացքում Վրաստանի դեսպանը և ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող որոշ ընթացակարգերի կարգավորման, մասնավորապես բեռնափոխադրող վարորդներին Վրաստանի տարածքում վտանգավոր բեռների փոխադրումը պահանջող հատուկ թույլտվության տրամադրման կարգին վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաև Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև տարանցիկ բեռնափոխադրումների մշտադիտարկման նպատակով էլեկտրոնային նավարկման կապարակնիքների՝ Վրաստանի տարածքում կիրառման հնարավորության հարցը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակներում երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող այլ հարցերի։

--00--ԱՀ