Նիդերլանդների դեսպանի այցը Շուշի դատապարտելի է․ Հոլանդահայ կազմակերպություների ֆեդերացիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Հոլանդահայ

Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան բացատրություն է պահանջել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունից` Բաքվում Նիդերլանդների դեսպանի Շուշի կատարած քարոզչական այցի վերաբերյալ։ Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը «Նիդերլանդական օրագրին» հայտնել է, որ իրենք ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստի հետ մշտական կապի մեջ են Նիդերլանդների արտգործնախարարության հետ և անցած հինգշաբթի երկար քննարկումներ են ունեցել տարբեր հարցերի շուրջ, հատկապես՝ ռազմագերիների և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Այս ֆոնին դեսպանի այցը գրավյալ Շուշի անհամատեղելի է Նիդերլանդների կառավարության ու խորհրդարանի դիրքորոշումներին, այդ իսկ պատճառով FAON-ը (Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան) բողոքի նամակ է հղել արտգործնախարարությանը ու բացատրություն պահանջել.

«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) իր դժգոհությունն է հայտնել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը` Բաքվում Նիդերլանդների դեսպան տիկին Պ. Էյզեմայի Շուշի կատարած քարոզչական այցելության կապակցությամբ, որը կազմակերպվել էր Ադրբեջանի բռնակալ Ալիևի հրահանգով։ Բացի ահռելի ապատեղեկատվություն մատուցելուց, արդեն իսկ պարզ էր, որ իշխանությունները չարաշահելով մասնակիցների ներկայությունը ցանկացել են ստեղծել աջակցության կեղծ տպավորություն։ FAON-ը արտգործնախարությանը հարց ուղղեց՝ պարզաբանել, թե ինչպե՞ս է կատարվել Նիդերլանդների մասնակցության այս ընտրությունը, առավել ևս, որ վերջերս FAON-ի հետ խորհրդակցության ժամանակ արտգործնախարարությունը մեկ անգամ ևս շեշտեց, որ նախարարությունը գերակայություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և քաղաքականությանը (որպեսզի բանակցությունների միջոցով հասնենք հակամարտության խաղաղ կարգավորման) և այլ գործողություններ չձեռնարկել, որոնք կարող են մեկնաբանվել որպես «հակաարդյունավետ», ինչպես օրինակ` խորհրդարանում ընդունված բանաձևերի իրագործումը։ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը ակնհայտորեն նպատակահարմար չգտան մասնակցել այս քարոզչական ուղևորությանը և այդ իսկ պատճառով նրանք բացակայում էին», - ասված է հայտարարության մեջ։

Ի պատասխան ֆեդերացիայի հարցին՝ արտգործնախարարությունը հայտնել է, որ իրենք դրա մասին նախապես տեղյակ չեն եղել։ Այնուհետև նախարարությունը պնդել է. «Ընդունված է, որ դեսպանները լայնորեն տեղեկացվեն, այդ թվում` Ադրբեջանի կառավարության կողմից։ Հոլանդիան գիտակցում է այն փաստը, որ Ադրբեջանի իշխանություններն են պլանավորել և կազմակերպել այս այցը և այդ ուղևորության ընթացքում մատուցված տեղեկատվությունը միակողմանի է: Դրանով հանդերձ, այցն ունեցել է հավելյալ արժեք` սեփական աչքերով տեսնել իրավիճակը և հանդես գալ սուր հարցերով»։ Ուստի հավելյալ արժեքը կայանում է «սեփական դիտարկման և փորձարկման մեջ»։ Որպես օրինակ, նախարարությունը նշում է, որ սեփական դիտարկմամբ մեկ անգամ ևս պարզ է դարձել, թե ինչքան կարևոր է, որ հնարավորինս շուտ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անկախ առաքելությամբ գտնվի այդ տարածքներում»։

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ադրբեջանի իշխանությունները ճնշումներ են գործադրել Նիդերլանդների դեսպանի վրա` մասնակցելու այս ուղևորությանը։ Ֆեդերացիան այդպես ենթադրել էր՝ հիմնվելով ադրբեջանցի պաշտոնյայի թվիթի վրա, որտեղ նշված է թե այդ ուղևորության նախօրեին նրա և Նիդերլանդների դեսպանի միջև տեղի է ունեցել լուրջ խոսակցություն։

Հայտարարության վերջում Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ընդգծել է, որ երկրի դեսպանի մասնակցությունը եղել է անհարիր և այս կապակցությամբ դեռ կշարունակի կապի մեջ մնալ նախարարության հետ: Միևնույն ժամանակ նշել են, որ հետամուտ են լինելու, թե Հոլանդիան ինչպիսի հետևություն է անելու Ադրբեջանի նկատմամբ իր վարած քաղաքականության մեջ։

Ավելի վաղ Նիդերլանդների և Բելգիայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերը բողոքի նամակներ էին հասցեագրել Ադրբեջանում Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին։

 --00—ՄՀ