Ոստիկաններն հայտնաբերել են Հյուսիսային պողոտայում դանակահարություն կատարած անձին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

դանակահարություն

Պարեկները և Կենտրոնականի քրեական հետախույզները միջադեպից րոպեներ անց հայտնաբերել են հուլիսի 14-ին Երևանի Հյուսիսային պողոտայում դանակահարություն կատարած անձին, այս մասին տեղեկացնում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հուլիսի 14-ին, ժամը 6-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Հյուսիսային պողոտայում դանակահարություն է եղել։

Օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Սայաթ-Նովայի և Տերյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց կասկածելի «Տոյոտա» մակնիշի մեքենան: 39-ամյա վարորդը, դանակահարության կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նա արդեն բաժնում էր, երբ հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, որն ի վիճակի չէր բացատրություն տալու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱՀ